Գլխավոր Լուրեր Սևանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը

Սևանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը

6
0

Ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 18-ին՝ ժամը 04.10-04.40-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կիլոմետրին փորձել են կանգնեցնել «ԳԱԶել» բեռնատարը, որը երթևեկել է Ճամբարակից Երևանի ուղղությամբ: Վարորդը չի ենթարկվել «Կանգ» ազդանշանին: Կապի միջոցով հայտնել են Սևանի ՃՈ անշարժ հենակետ, որտեղ ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները ստեղծել են արհեստական խոչընդոտ: «ԳԱԶել»-ի վարորդը կրկին չի ենթարկվել ոստիկանների պահանջին, շարունակել է երթևեկել և հարվածելով ոստիկանական ավտոմեքենային դիմել է փախուստի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, քիչ անց, վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու շարունակել վարել Գագարինավանի հարակից դաշտամիջյան ճանապարհով, որտեղ հարվածել է քարերին ու կանգնել: Վարորդը փակել է դռները և դիմել փախուստի:
Պարզվել է, որ ավտոմեքենան բեռնված է շուրջ 2 խմ վառելափայտով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ԳԱԶել»-ի վարորդը Տավուշի մարզից՝ 34-ամյա մի տղամարդ է: Բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 19-ին նա ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և բացատրություն տվել, որ «ԳԱԶել»-ում հայտնաբերված վառելափայտը հուլիսի 17-ին ձեռք է բերել Հաղարծին գյուղից:
Բեռնատարը՝ վառելափայտով, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Քննությունը շարունակվում է: