Գլխավոր Լուրեր Շատ կոշտ զրույց եմ ունեցել Բելլա Լալայանի հետ. Դավիթ Բաբայանը՝ սկանդալային...

Շատ կոշտ զրույց եմ ունեցել Բելլա Լալայանի հետ. Դավիթ Բաբայանը՝ սկանդալային գրառման մասին

10
0

Այդ գրառումից հետո ես Բելլա Լալայանի հետ ունեցել եմ շատ կոշտ զրույց, ես այդ մասին չէի իմանում, ճանապարհին էի, հենց տեղեկացա, կապվեցի իր հետ: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պատասխանատու Դավիթ Բաբայանը, պատասխանելով հարցին, թե ինչպես վերջինս կմեկնաբանի Արցախի Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Բելլա Լալայանի սկանդալային գրառմանը, որով վերջինս լկտի բառապաշարով վիրավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Անթույլատրելի է, որ տեղի ունենա նման անջրպետ։ Արցախցի-հայաստանցի անջրպետն անթույլատրելի է: Պառակտում չպետք է լինի։ Լինի դա հայտարարությունների տեսքով, թե գործելաոճի՝ կապ չունի, դա անթույլատրելի է: Մենք այդ պահին Արցախից գալիս էինք Հայաստան, ես չէի իմանում: Կապվել եմ Բելլա Լալայանի հետ, ունեցել եմ շատ կոշտ զրույց: Կա խոսքի ազատություն, դա հասկանալի է, բայց պետական պաշտոնյան , եթե ուզում է խոսքի ազատությունը կիրառել, պետք է ընդգծի, որ դա իր անձնական կարծիքն է, և ոչ մի կապ չունի Արցախի իշխանությունների հետ, բայց մեկ է նման ոճը ես չեմ ընդունում, իսկ պետական պաշտոնյան նման բան անելու իրավունք չունի»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հարցին, թե այս պահին դրվա՞ծ է Լալայանի հետագա պաշտոնավարման հարցը, Դավիթ Բաբայանն ասաց.

«Այդ հարցը մենք դեռևս կքննարկենք, որովհետև շատ տհաճ և սարսափելի պատմություն է: Ես ուզում եմ մեր Մայր Հայաստանի քույրերին և եղբայրներին, բոլորիդ հավաստիացնել, որ չի կարող լինել  Հայաստանի և Արցախի միջև տարաձայնություններ, դրանից օգտվելու է միայն թուրքը, Ադրբեջանը: Կան մարդիկ, որ կարող են այդպիսի բաներ ասել, երբեմն գռեհիկ , բայց դա չի արտացոլում ո´չ պետության կարծիքը, ո´չ իշխանությունների, ո´չ էլ հասարակության մեծամասնության»,- ասաց Բաբայանը: