Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 495.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
22°
Home » Լուրեր » Շիրխանյանը չի ընդունում, որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կատարելու առաջարկ է արել

Շիրխանյանը չի ընդունում, որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կատարելու առաջարկ է արել

Հուլիս 25, 2017 13:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

serj bako sahman

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, թե 2015 թվականին Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին առաջարկել է իշխանափոխության հասնել՝ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ իրականացնելու միջոցով: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Պարոն Շիրխանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, եւ այդ գաղափարը իրեն էլ չի վերագրվում: Այսինքն` այդ մեղադրական եզրակացությունն այնպես է կառուցված, որ թվում է, թե այդ բոլոր գործողությունները պարոն Շիրխանյանին են վերագրված»,- ասաց Ալումյանը:

Մեղադրական եզրակացության համաձայն` պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ, նա խորհուրդ է տվել Հայաստանում իշխանափոխության հասնելու գործողություններում զերծ մնալ պետական մարմինների վրա հարձակումներ գործելուց, իշխանափոխության հասնելու հնարավոր տարբերակներից է համարել Սերժ Սարգսյանի վրա մահափորձ իրականացնելու ճանապարհը: Վահան Շիրխանյանը նաեւ պարտավորվել է ապահովել բանակի մասնակցությունը կամ չեզոքությունն այդ գործընթացներում:

Հայկ Ալումյանն ասաց, թե փաստաբանի համար կոռեկտ չի լինի նշել, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը: «Փաստաբանը կարող է ասել` կա՞ն արդյոք քրեական գործում այդ մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ, իհարկե չկան այս դեպքում»,- ասաց Շիրխանյանի փաստաբանը:

Հարցին, թե քննարկե՞լ է առհասարակ Շիրխանյանը Վարդանյանի հետ իշխանափոխության հարցը, փաստաբանը նշեց, որ զրույցի ընթացքում Շիրխանյանի կողմից չեն ասվել այնպիսի բաներ, որոնք հիմք կտային նման մեղադրանք առաջադրելու:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանին եւ մյուսներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:

Անդրադառնալով Շիրխանյանի առողջական վիճակին` փաստաբանը նշեց, որ մնում է նույն վիճակում: «Նրա խնդիրներից ոչ մեկը չի լուծվել: Այսօրվա դրությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ձեռնարկված միջոցները պարզապես հնարավորություն են տալիս պահպանել եղած առողջական խնդիրները նույն հարթության վրա, բայց ամենեւին չեն լուծվել դրանք: Ոչ վիրահատական միջամտություն են արել, ոչ ֆիզիոթերապեւտիկ միջոցառումներ»,- ասաց Ալումյանը, նկատելով, որ ի սկզբանե նպատակ էլ չի դրվել լուծել դրանք:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top