2023 թվականի հունիսի 1-ից գրասենյակը Երևանում բացել է հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը՝ «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» հետ համագործակցությամբ: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ծառայությունների լայն շրջանակ՝ իրականացնելով հայրենադարձների ինտեգրմանն ուղղված միջոցառումներ: Մանրամասն ներկայացնելով 2023 թվականին կատարված աշխատանքները` ասել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում:

Զարեհ Սինանյանը նշել է, որ 2023 թվականի օգոստոսի 1-3-ը Երևանում կազմակերպվել է ազգային երիտասարդական համաժողով, որին մասնակցել է 600-ից ավելի երիտասարդ աշխարհի 50 երկրից և 100-ից ավելի բանախոս` 15 երկրից: Համաժողովի մասնակիցները տարբեր ձևաչափերով քննարկել են հայրենադարձությանը, ազգային անվտանգությանը, կրթությանը, հայկական շահերի պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Հիմնական զեկուցողը կարևորել է հոկտեմբերի 27-29-ը կայացած հայ իրավաբանների համագումարը, որին մասնակցել է 250 հայ իրավաբան 30-ից ավելի երկրից: Քննարկվել են Սփյուռքի իրավաբանական համայնքի դերը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում հարցը, ԼՂ հիմնախնդիրը և հետպատերազմյան իրավական գործընթացները, հայ ժողովրդի անվտանգության ապահովման իրավական մեխանիզմները և հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ներկայացմամբ՝ համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն 2023 թվականի օգոստոսի 5-19-ը Հայաստանում կազմակերպել է համահայկական 8-րդ խաղերը, որոնց մասնակցել է 41 երկրի 181 քաղաքի 7.161 մարզիկ:

Խոսելով ««իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» ծրագրի մասին՝ բանախոսը նշել է, որ միջոցառման շրջանակում 2022-2023 թվականներին 50 սփյուռքահայ մասնագետ ներգրավվել է ՀՀ պետական կառավարման համակարգի 23 կառույցում: Միջոցառման մասնակիցների մոտ 70 տոկոսը մնացել է Հայաստանում՝ մշտական աշխատանքի անցնելով պետական կառույցներում և մասնավոր հատվածում: Իսկ «Քայլ դեպի տուն» ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում հունիս-օգոստոս ամիսներին կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար նախատեսված ուսումնաճանաչողական ծրագիր, որը ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ և այցեր: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Բյուրականում, որին 6 փուլով մասնակցել է 600 երեխա՝ 25 երկրից:

Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական, Վրաստանի հայալեզու լրատվամիջոցների ամենամյա ծրագրերը՝ ներկայացնելով կատարված աշխատանքները:

Ըստ հիմնական զեկուցողի՝ 2021 թվականին «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն օտարերկրյա պետություններում կարող է ունենալ սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով: Պատրաստվել է պոտենցիալ թեկնածուների ցանկ` ըստ աշխարհագրական սփռվածության, որի հիման վրա 2024 թվականին նախատեսվում են մի քանի տասնյակ նշանակումներ: Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրմամբ կընդլայնվեն գրասենյակի ցանցային կարողությունները:

Մշակվել են «Հայրենադարձության մասին» օրենքի և «Հայաստան-Սփյուռք գործակցության 2024-2030 թվականների ռազմավարության» նախագծերը:

Հաշվետու տարում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը այցելել է 13 երկրի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Կիպրոսի, Լեհաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի 39 տարբեր քաղաքների հայ համայնքներ: Այցերի շրջանակում իրականացվել է ավելի քան 178 միջոցառում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով  արևմտահայերենի պահպանմանը՝ որպես մշակույթի, ինքնության անբաժան մաս:

226