Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը խոստացել է, ապա կրկին կգնա Տավուշ՝ սահմանազատվող գյուղերի բնակիչների հետ հանդիպման։

«Ժամը 14:30-ին մենք լսում ունենք, Արտաքին գործերի նախարարը եւ Մհեր Գրիգորյանը լինելու են այստեղ, կարծում եմ՝ դուք հնարավորություն կունենաք այդ հարցերը տալու»,- ասաց Քոչարյանը։

Քոչարյանն արձագանքելով իր ղեկավարած հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Տիգրան Աբրահամյանի վերաբերյալ հարցին, ասաց. «Ես Տիգրան Աբրահամյանին տարիուկես է չեմ տեսել, լավ կլինի հոգեբանորեն պատրաստվելու համար գա հանձնաժողովի աշխատանքներին մասնակցի»։

Արձագանքելով զորքերը ադրբեջանական գյուղերից հետ քաշելու մասին հարցին, Քոչարյանն ասաց. «Հիմա դուք ուզում եք, որպեսզի զինված ուժերի փակ պլանավորումները ձեզ ներկայացնե՞մ, իհարկե ոչ։ Խոսքը գնում է պետական սահմանի արձանագրման գաղափարի շուրջ գնացող քննարկումների մասին, թե ինչ ընթացք կունենա՝ ամեն ինչ միտված է լինելու խաղաղության օրակարգին։ Հիմա դուք կասեք՝ խաղաղություն վախեցա՞ծ, ո’չ՝ խաղաղություն պատրաստված, իսկ դրա համար զինված ուժերը ունի իր ծրագրով նախատեսված գործառույթները, որն իրականացնում է։ Հիմա ուզեք թե չուզեք՝ մեկ է ձեզանից շատերը մեր ասածին չեն հավատալու, բայց գոնե հավատացեք Ադրբեջանի ներկայացրած պատկերներին՝ մեր դիրքային կատարված աշխատանքների»։

368