
araratnews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնի շրջանավարտ, մագիստրոս Անժելա Երիցյանն է:
Անժելա, կասե՞ք, թե որն է արվեստաբանի հիմնական առաքելությունը մեր երկրում։
Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկրում արվեստաբանները ունեն միանման առաքելություն։ Նրանք օգնում են մարդկանց ճանաչել բարին, չարը, գեղեցիկը, զարգացնել երևակայությունը և աշխարհայացքը։ Մեր երկրում արվեստաբանի առաքելության շարքը համալրվում է նաև հայ արվեստի ուսումնասիրման, հանրահռչակման և զարգացման ճանապարհի պաշտպանությամբ։ Ցավոք, մեր արվեստի նմուշներից շատերը գտնվում են աշխարհի տարբեր անկյուններում։ Նրանց զգալի մասն արդեն արվեստաբանների ուշադրության կենտրոնում են, և շատ անելիքներ կան։
Արհեստավարժ արվեստաբանը, նախևառաջ, ի՞նչ հիմնարար հմտությունների պետք է տիրապետի։
Արվեստաբանի համար առաջնային կարևորություն ունի ճիշտ արտահայտվելու հմտությունը։ Կրթություն ունենալը իհարկե մեծ դեր ունի, սակայն միայն կիրթ և գրագետ լինելը բավարար չէ։ Յուրաքանչյուրս մեր մասին կամ մասնագիտական նյութի մասին համապատասխան ձևով ներկայացնելու խնդիր ունենք։ Կարևորում եմ հմուտ հաղորդակցումը, ինչպես մայրենի լեզվով, այնպես էլ միջազգային լեզուներով։ Ոչ պակաս կարևոր է հարցերի և երևույթների նկատմամբ մանրազնին դիտարկան հմտությունը, վերլուծելու կարողությունը և լավատեսական մտածողությունը։ Վերջինս հնարավորություն է տալիս հաղթահարել ցանկացած խոչընդոտ։
Արվեստաբանի համար այդ ոլորտում բարձրագույն կրթություն ստանալը պարտադի՞ր է։ Այլ ոլորտներում մասնագիտացած անձինք կարո՞ղ են կոմպետենտ արվեստաբան լինել։
Իհարկե, կրթությունը պարտադիր է, քանի որ ուսանելու տարիներին ծանոթանում ենք համաշխարհային և հայ արվեստի ներկայացուցիչների ստեղծագործություններին, և ոչ միայն։ Սովորում ենք ինչպես նայել ամենապարզ և թվացյալ ամենաբարդ նկարներին, քանդակներին և արվեստի այլ նմուշներին, գտնել թաքնված գեղեցիկը, դիտարկել բոլոր տարբերակները և ի վերջո նրանց իմաստ հաղորդել։ Հնարավոր է տարօրինակ է հնչում, սակայն մենք սովորում ենք տեսնել։ Այլ ոլորտի անձը, վստահ եմ, չի կարող տեսնել այն, ինչ տեսնում է արվեստաբանը։ Այդ ամենը ձեռք է բերվում տարիների ընթացքում, երբ տարիներ շարունակ ներդրում ենք անում ինքներս մեր մեջ, որի շնորհիվ կարողանում ենք տեսնել այն, ինչ առաջին հայացքից տեսանելի չէ։
ՀՀ-ում որտե՞ղ կարող է աշխատել արվեստաբանը։ Որքանո՞վ է մեր երկրում արդիական Ձեր մասնագիտությունը։
Շատերը կարծում են, որ արվեստաբանի մասնագիտությունը պահանջված չէ, սակայն տարեցտարի ավելանում են աշխատատեղերը և արվեստի նկատմամբ հետաքրքրությունը։ Հայաստանում արվեստաբանի համար հիանալի աշխատավայրեր են թանգարանները, մատենադարանները, արվեստի դպրոցները և քոլեջները։ Սակայն այս ցանկին միանում են նաև մասնավոր համագործակցությունները՝ արվեստագետների և կոլեկցիոներների հետ, որպես ցուցահանդեսներ համադրողներ և արվեստի գործը գնահատողներ։ Մեր օրերում հաճախ չի ընկալվում արվեստաբանի մասնագիտությունը, սակայն տարիներ անց ոչ միայն արդիական, այլև մեծ պահանջարկ է վայելելու։ Արդեն նկատելի է, որ Հայաստանի տարբեր շրջաններում ձևավորվում է մի նոր կրթական համակարգ, որտեղ երեխաների մեջ սերմանում են արվեստի և արհեստների նկատմամբ հետաքրքրություն։ Վստահ եմ՝ տարիներ անց արվեստասեր սերունդ ենք ունենալու, ովքեր ջանասիրաբար կշարունակեն ուսումնասիրել և լուսաբանել հայ արվեստի գանձերը։
Որքա՞ն կարող է վաստակել արվեստաբանը։
Որքան էլ անսպասելի լինի, սակայն արվեստաբանը հնարավորության դեպքում կարող է ավելի շատ վաստակել, քան կարող եք պատկերացնել։ Չնայած պետական աշխատանքի դեպքում արվեստաբանը ստանում է Հայաստանում նախատեսված աշխատավարձերից միջին չափը, սակայն մասնագիտության առավելություններից մեկը այն է, որ կարող ենք միևնույն ժամանակ աշխատել մի քանի աշխատատեղերում։ Օրինակ՝ աշխատել թանգարանում և զուգահեռ համագործակցել կոլեկցիոներների կամ աճուրդային տների հետ։ Ինքս էլ օգտվել եմ մասնագիտական առավելությունից, միևնույն ժամանակահատվածում մի քանի աշխատանք կատարելու հնարավորությունից։ Թեպետ արվեստագետների և արվեստաբանների համար գումարը միշտ չէ, որ առաջնային է։
Մի փոքր կխոսե՞ք ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնում դասավանդվող առարկաներից։ Ո՞րն է հիմնական առարկայացանկը։ Ի՞նչ փոփոխություններ կկատարեիք այդ ցանկում, եթե Ձեզ նման հնարավորություն տրվեր։
Երբեմն մտածում եմ նորից ընդունվել նույն բաժինը, քանի որ ցանկանում եմ կրկին լսել ճարտարապետություն առարկայի դասախոսությունները, որի ընթացքում ծանոթացել ենք իտալական, բյուզանդական, հոլանդական, անգլիական, հունական և իհարկե՝ հայկական ճատարապետությաններին։ Ծանոթացել ենք արվեստի ժամանակակից ուղղություններին և նշանավոր գործիչների ստեղծագործություններին։ Առարկաները դասավանդվել են ըստ ժամանակագրական հաջորդականության՝ դիցաբանություն, հունական, հռումեական և ուրարտական արվեստներ, հնագիտություն, բյուզանդական պատկերագրություն, հայկական մանրանկարչություն, հայ և արտասահմանյան գեղանկարչության պատմություն, թատրոնի և կինոյի արվեստ, թանգարանային աշխատանքների և հուշարձանների պահպանություն, արվեստի հոգեբանություն, փիլիսոփայություն, ձեռագրագիտություն, արվեստի մենեջմենթ, գորգարվեստ, զարդարվեստ և իհարկե 2 օտար լեզուների ընտրության հնարավորություն։ Թվարկվածներին միանում են նաև ժամանակային բաժանուներով առարկաներ և մի շարք ոչ մասնագիտական, սակայն օգտակար առարկաներ։ Յուրաքանչյուր տարի առարկաների ցանկը թարմացվում է, ավելացվում են արդիական առարկաներ, որոնք հնարավորություն են տալիս ուսանողին ձեռք բերել մասնագիտական հմտություններ։ Կցանկանայի առարկաների ցանկում տեսնել մեռած լեզուներ՝ ուրարտերեն, խեթերեն և ասորերեն, իսկ օտար լեզուների ցանկում համալրվեին՝ նոր հունարենը և ֆրանսերենը։ Համարում եմ, որ լեզուների իմացությունը լավագույն բանալին է համաշխարհային արվեստում հայ արվեստի առաջընթացի համար։
Որտե՞ղ եք անցել Ձեր համալսարանական պրակտիկան։ Այն արդյունավե՞տ է եղել։
Ունեցել ենք երեք պրակտիկա։ Առաջին պրակտիկայի ժամանակ ծանոթացել ենք այն ամենի հետ, ինչը դասերի ընթացքում վերաբերում էր հայ արվեստին։ Այսինքն՝ դասախոսություններից բացի, հնարավորություն ենք ունեցել գործնականում տեսնել այն վայրերը, որոնց մասին խոսում և ցուցադրում էին դասախոսները՝ հայկական ճարտարապետության միջնադարյան կառույցները, դամբարանները և կոթողները։ Հաջորդ պրակտիկայի ժամանակ այցելել ենք թանգարաններ, որտեղ ծանոթացել ենք արխվներում և ցուցասրահում գտնվող հայ և արտասահմանյան արվեստի նմուշներին։ Երրորդ պրակտիկայի շնորհիվ հմտորեն սովորել ենք գրել գիտական աշխատանքներ, մասնակցել ենք գիտաժողովների, որոնց շնորհիվ հնարավորություն եմ ստացել ունենալ գիտական ժողովածուներում տպագրված գիտական հոդվածներ։
Ո՞րն է արվեստաբանի և մշակութաբանի հիմնական տարբերությունը։ Ի՞նչ գործունեություն են նրանք ծավալում։
Հաճախ եմ լսում, որ տարբերություն չկա մշակութաբանի և արվեստաբանի միջև, սակայն կարիք չկա խոր դիտարկել, քանզի ակնառու երևում է, որ բառերն արդեն իսկ տարբեր են, հետևաբար՝ նրանց իմաստները և գործառույթները ևս տարբեր են։ Այն ամենը, ինչ մենք ուսումնասիրում ենք որպես արվեստի որևէ ուղղություն, մշակութաբանները դրանք համարում են որևէ մշակույթի մաս։ Օրինակ՝ դարերի ընթացքում ստեղծվել են բազմաթիվ նկարներ, խճանկարներ, որմնանկարներ, տաճարներ, կառույցներ, քանդակներ և այլն, որոնք մենք համարում ենք արվեստի գործեր, իսկ մշակութաբանները՝ որևէ մշակույթի նմուշներ։ Մշակութաբանները ցանկացած արվեստի նմուշ դիտարկում են ընդհանուր մշակութային սահմաններում, իսկ արվեստաբանները՝ առանձնակի։ Անշուշտ, երկու մասնագետներն էլ խորացված ուսումնասիրություններ են կատարում, որոնք համապատասխանում են յուրաքանչյուրի մասնագիտական չափանիշներին։
Այսօր ԵՊՀ Արվեսաբանության բաժնի դիմորդները հստակ գիտակցու՞մ են, թե որտեղ են դիմում և ինչ է նրանց սպասվում այնտեղ։
Վերջին տարիներին արվեստաբանություն բաժին են ընդունվում քանակով քիչ, սակայն իրենց ընտրության մեջ վստահ դիմորդներ։ Կարծում եմ, դրան նպաստել է դասախոսական կազմի, ամբիոնի ղեկավարի և աշխատակիցների նվիրվածությունը։ Բաժինը մշտապես ուսանողի և շրջանավարտի կողքին է և հպարտորեն բարձրաձայնում է իր ուսանողի հաջողություններն ու ձեռքբերումները։ Դիմորդները գոցե գիտեն դասավանդման ոչ ֆորմալ մեթոդների, պրոֆեսիոնալ դասախոսական կազմի և արվեստի կախարդական մթնոլորտի մասին, սակայն քչերը գիտեն Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս կազմակերպվող արշավների և արտասահմանյան լավագույն համալսարաններում սովորելու հնարավորության մասին։
Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա արվեստաբաններին։
Երբեք մի վատնեք ձեր ժամանակը։ Կարդացեք, լսեք, սովորեք և հիշեք այն, ինչ ասում են դասախոսները։ Բավարար չէ այն ժամանակը, որ կա մեկ դասաժամում, ավելին պահանջեք, գնահատեք բանիմաց դասախոսի ներկայությունը, խոսքը, խորհուրդը և դասախոսությունը, քանի որ արվեստաբան լինելուց բացի, սովորում ենք զգալ արվեստը և ապրել արվեստով։
Օլյա Շահինյան