
araratnews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսական ֆակուլտետի բանկային գործ բաժնի շրջանավարտ (բակալավր), ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի Բանկային գործունեության կազմակերպում կրթական ծրագրի մագիստրոս Մերի Նիկոլայանն է:
Մերի, ասում են, որ հաշվարկներով զբաղվող մարդիկ հազվադեպ են ստեղծագործում և, առհասարակ, տնտեսագետի մոտ աշխատանքային գործունեության ընթացքում ստեղծագործական մոտեցում ցուցաբերել չի ստացվում: Համաձա՞յն եք:
Կարծում եմ՝ ստեղծագործելը և ստեղծագործական միտք ունենալը մասնագիտությունից անկախ են․ եթե չեք հանդիպել նվագող, երգող, գրող, նկարող տնտեսագետների, մի առիթով եկեք ՀՊՏՀ-ի ուսանողական միջոցառումներին)։
Մերի, ՀՊՏՀ ընդունվելիս դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում մաթեմատիկա, հայոց լեզու և հայ գրականություն, օտար լեզու առարկաներից: ՀՊՏՀ-ում ուսումնառության ընթացքում այս առարկաների իմացությունն օգնու՞մ է ուսանողին: Դուք պահանջվող առարկաների ցանկում որևէ փոփոխություն կանեի՞ք:
Դե, իհարկե, օգնում է։ Լավ տնտեսագետ դառնալու ճանապարհին մաթեմատիկայի իմացությունը առանցքային է․ հաճախ ուսանողներն ասում են՝ ինչի՞ս է պետք այս կամ այն բանաձը, որտե՞ղ եմ կիրառելու՝ չհասկանալով, որ բանաձևի դուրս բերման կարողությունը օգնելու է հետագայում դուրս գալ ավելի դժվար իրավիճակներից և խնդիրներից։
Հայոց լեզվի իմացությունը պարտադիր է բոլորիս համար՝ անկախ մասնագիտությունից։ Իմ կարծիքով՝ տնտեսագետները պարտավոր են նվազագույնը տիրապետել հայերեն ճիշտ խոսելու և գրելու կանոններին, հայերենով հաղորդակցվելու հմտությանը։ Լավ է, չէ՞, երբ նրանք քո հարցին պատասխանում են գրագետ, վարժ, հասնում են մեծ «բարձունքների» և օնլայն դասերին մասնակցում են «հեռավար» տարբերակով՝ «հեռահար»-ի փոխարեն:
Դե, օտար լեզուների իմացությունն էլ մեր օրերում ծանրակշիռ ակտիվ է տնտեսագետներիս համար՝ ավելի լայն հորիզոններ բացահայտելու, ինքնակրթվելու և լոկալ շուկայից բացի՝ այլ շուկաներ մուտք ունենալու համար։
Մերի, Հայաստանում հնարավո՞ր է բուհում ստացած գիտելիքներով աշխատաշուկայում ստացած մասնագիտացմանը համապատասխան աշխատանք գտնել: Դուք աշխատանք որոնելիս դժվարությունների արդյոք հանդիպե՞լ եք:
ՀՊՏՀ-ն ինձ տվել է մասնագիտացում, որն այսօր լավագույնս ծառայում է ինձ իմ աշխատանքում՝ բանկային համակարգում: Ես աշխատում եմ իմ մասնագիտությամբ դեռևս 3-րդ կուրսի վերջից, նույնիսկ ժամանակ չեմ հատկացրել աշխատանք փնտրելուն, քանի որ բանկերը մշտապես ակտիվ են և ճկուն՝ իրենց աշխատակազմը թարմացնելու, նոր կադրեր ներգրավելու և թիմը համալրելու հարցում։
Մի փոքր կխոսե՞ք ՀՊՏՀ-ում անցած Ձեր պրակտիկայի մասին: Արդյունավե՞տ է այն եղել արդյոք աշխատանք գտնելու տեսանկյունից:
Այնպես է ստացվել, որ մինչև համալսարանի կողմից պրակտիկա անցնելն արդեն ունեի աշխատանք, այդ պատճառով պարզապես համատեղել եմ պրակտիկան և աշխատանքը։ Բայց ունեմ կուրսընկերներ, որոնք հենց պրակտիկայի շնորհիվ լրացրել են իրենց տեսական գիտելիքները գործնականով, ստացել անհրաժեշտ փորձառություն և ցուցաբերելով բարձր մոտիվացիա ու առաջադիմություն՝ հետագայում անցել են աշխատանքի հենց նույն գործատուի մոտ։
Ի՞նչ հիմնարար խորհուրդներ կտաք այն աշակերտներին, ովքեր ուզում են իրենց բարձրագույն կրթությունը ՀՊՏՀ-ում՝ Բանկային գործ մասնագիտացմամբ ստանալ:
Խորհուրդս աշակերտներին՝ մասնագիտության ընտրություն կատարելիս անցե՛ք հետևյալ քայլերով․ գրի՛ առեք ձեր հետաքրքությունները, բնավորության հիմնական գծերը, ցանկությունները, նպատակները, կարիերայի մասին պատկերացումները։ Եթե դուք սիրում եք փողը, պատրաստ եք կառավարել մարդկանց ֆինանսական հոսքերը, ունեք ստեղծագործ միտք, ձեզ տեսնում եք տեղական և միջազգային ֆինանսավարկային կազմակերպություններում, առավել ևս՝ դրանց ղեկավար կազմում, ուրեմն ճիշտ ուղու վրա եք։ Բոլորին մեծ հաջողություն եմ մաղթում։ Ի հավելումն ասեմ, որ 2019 թվականին ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում եղել է 14700 աշխատակից, որից միայն 12000-ը` բանկային համակարգում:
Ի՞նչ եք կարծում, մրցունակ տնտեսագետ լինելու հարցում անհատի անձնային որակներն ու հոգեբանական խառնվածքը հիմնարա՞ր դեր են խաղում:
Կարծում եմ՝ այո՛։ Տնտեսագետի մասնագիտությունը բավականին լայն շրջանակ ունի, և յուրաքանչյուր տնտեսագետ ընտրում է իր բնավորության և խառնվածքին համապատասխան ուղղություն կամ մասնագիտացում, օրինակ՝ կառավարչի, մարքեթոլոգի, հաշվապահի և այլն։
Ես ընտրել եմ բանկային գործը, որովհետև բնավորությամբ պատասխանատու եմ, ուշադիր, արագ եմ կողմնորոշվում բարդ իրավիճակներում, իհարկե, նաև սիրում եմ մարդկանց հետ շփումը և հաղորդակցությունը։
Կխոսե՞ք ՀՊՏՀ-ի ուսանողական կյանքի առանձնահատկությունների մասին:
Թե ինչպես է անցնում ուսանողական կյանքը, մեծապես կախված է մեր հետաքրքրություններից։ Չընդհանրացնելով այլ ուսանողների հետ՝ կարող եմ ասել, թե ինչպիսին է եղել իմ ուսանողական կյանքը ՀՊՏՀ-ում։ Սկզբում գլխավորապես դասերն էի կարևորում և ժամանակիս մեծ մասը տրամադրում դրանց։ Որոշ ժամանակ անց որոշեցի, որ պետք է պահեմ այսպես կոչված՝ work-life բալանսը։ Այս ընթացքում մասնակցել եմ ՀՊՏՀ-ի կողմից կազմակերպվող ուսանողական խաղ-մրցույթների, գիտաժողովների, արշավների, որոնք տվել են ինձ նոր գիտելիքներ և ընկերներ։ Ամենավառ հիշողություններիցս է մասնակցությունը «Ամենախելացին» հեռուստանախագծի ուսանողական եթերաշրջանին, նաև «ՀՊՏՀ լավագույն ուսանող 2019» մրցույթում բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող ճանաչվելը։
Ուսումնառության ընթացքում Ձեր մասնագիտական գրականությունը հիմանականում հայալեզու՞, թե օտար լեզվով է եղել:
Ուսումնառության ընթացքում մասնագիտական գրականությունը հիմնականում հայալեզու է․ այն կարելի է գտնել ՀՊՏՀ գրադարանում, որը իմ սիրելի վայրերից է դարձել համալսարանում: Հասանելի է նաև ՀՊՏՀ էլեկտրոնային գրադարանը, որը պարբերաբար թարմացվում և համալրվում է նոր գրականությամբ։ Ես խորհուրդ եմ տալիս ներկայիս և ապագա ուսանողներին հայալեզու գրականությանը զուգահեռ օգտվել նաև օտարալեզու գրականությունից՝ լրացնելու և խորացնելու մասնագիտական գիտելիքները, բացահայտելու ավելի շատ մասնագիտական «գաղտնիքներ» և, իհարկե, ամրացնելու օտար լեզվի իմացությունը։
Մերի, ՀՊՏՀ-ում ուսումնառության ընթացքում Դուք հնարավորություն եք ունեցել նաև արտասահմանում շարունակել կրթությունը: Մի փոքր կխոսե՞ք Ձեր կյանքի այդ շրջափուլի մասին: Որո՞նք են հայրենական և արևմտյան կրթական համակարգերի հիմնական տարբերություններն ու առանձնահատկությունները:
Կյանքիս այդ շրջափուլի մասին սովորաբար շատ քիչ եմ պատմում, որովհետև հնարավոր չէ կարճ կիսվել ստացածս փորձով։ Սովորել եմ Հունգարիայում, որպես ՀՊՏՀ փոխանակային ուսանող։ Կյանքի մի ընթացք, երբ հասցրի սովորել, տեսնել և իմանալ ավելին, քան դրան նախորդող 21 տարիների ընթացքում։ Դա հանդիպում էր աշխարհի հետ մեկ վայրում: Հնարավորություն՝ բացահայտելու ինքս ինձ, ձեռք բերելու ինքնուրույնություն: Արտասահմանյան կրթությունը անձնական աճի անփոխարինելի հնարավորություն է։
Զուգահեռներ անցկացնելով հայրենական և եվրոպական կրթական առանձնահատկությունների միջև՝ ասեմ, որ, իհարկե, կան տարբերություններ՝ կապված կրթական մեթոդների, ուսանող-դասախոս, դասեր-ուսանողական կյանք կապի, ընտրության ազատության և այլնի հետ։ Բայց վերադառնալով՝ ինքս ինձ համար բացահայտել եմ, որ այստեղ էլ մենք ունենք այդ բոլոր հնարավորությունները, պարզապես չգիտենք՝ ինչպես դրանք օգտագործել։ Եթե չունենք էլ, կարող ենք հեշտությամբ ստեղծել, փոփոխել, առաջարկել։ Ազատությունը ցանկացած հարցում ամենակարևորն է։
Ձեր կարծիքով, Հայաստանում մագիստրոսական կրթությունն իր նպատակին ծառայու՞մ է: Եթե հնարավորություն ունենայիք այս ոլորտում բարեփոխումներ կատարել՝ որո՞նք կլինեին դրանք:
Ես այս տարի ավարտեցի իմ մագիստրոսական կրթությունը, շուտով կստանամ ավարտական դիպլոմս և մագիստրոսի աստիճանը։ Հասնելով այս կետին՝ դիպլոմը ամենավերջինն է, ինչի մասին մտածում եմ, քանի որ հետ նայելով՝ կարևորում եմ այն փորձը և հիմնարար կրթությունը, որը ստացա այս ընթացքում։ Կարծում եմ՝ Հայաստանում մագիստրոսական կրթությունը կարևոր կապող օղակ է ինչպես ուսանող-աշխատաշուկա շղթայում, անպես էլ ուսանող-հետազոտողներ բացահայտելու և նրանց հմտությունները զարգացնելու գործում։ Առավելապես նշանակալի են այն մագիստրոսական ծրագրերը, որոնք կազմակերպվում են երեկոյան ժամերին՝ հնարավոր դարձնելով սովորելը և աշխատելը միաժամանակ, առանց մեկը մյուսին խանգարելու։ Ինչ վերաբերում է բարեփոխումներին, կարծում եմ` ավելի նպատակահարմար կլիներ կազմել այնպիսի ծրագրեր, որոնք առավել նեղ մասնագիտական են, ավելացնել համագործակցությունները ապագա գործատուների հետ, հնարավորություններ ստեղծել ոչ միայն տեղական շուկայում փորձառություն ձեռք բերելու, այլև դրսում։
Շարքի հեղինակ` Օլյա Շահինյան