Գլխավոր Լուրեր Շտապօգնությունը քրոնիկ հիվանդներին հիվանդանոց չի՞ տանում. պարզաբանում

Շտապօգնությունը քրոնիկ հիվանդներին հիվանդանոց չի՞ տանում. պարզաբանում

4
0

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանձնաժողովի նիստում ասաց, որ շտապօգնությունը հրաժարվում է հիվանդներին տեղափոխել հիվանդանոց՝ բժշկական կենտրոնների գերհագեցվածության պատճառով:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ եթե շտապօգնություն զանգահարում են թոքային և շնչառական ծանր հիվանդներ, ծառայությունը նրանց չի տեղափոխում հիվանդանոց:

Պատճառաբանությունը հետևյալն է՝ զանգահարեք, եթե տեղ կա՝ կտեղափոխենք, հիվանդանոցները գերհագեցած են, և չտեղափոխելու պայմանավորվածություն ունենք:

Araratnews.am-ը զանգահարեց  «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանին պարզաբանում լսելու: Ի պատասխան տնօրենը հերքեց Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը: Նրա խոսքով՝ եթե կարիք կա հիվանդին հիվանդանոց տեղափոխելու, ապա շտապօգնությունը տեղափոխում է: Խնդիրը հիմնականում թթվածինակախյալ հիվանդներին է վերաբերում:

Ծառայության ղեկավարի խոսքով՝ վերջին շրջանում որոշ հիվանդանոցներում ունեցել են  տեղի խնդիր, մասնավորապես, տեղ չունենալու պատճառով հիվանդներին չընդունելու դեպքեր են գրանցվել: «Մեր աշխատանքը դժվարացել է այն պահով, որ եթե մի հիվանդանոցում հիվանդին չեն ընդունում, հիվանդին տեղափոխում ենք այլ հիվանդանոց»,- մանրամասնեց ծառայության ղեկավարը:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ ամեն առավոտ բժշկական կենտրոններից ստանում են տեղեկություն, թե որտեղ կան ազատ մահճակալներ:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ ղեկավարը հիշեցրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը, ըստ որի՝ այն հիվանդանոցները, որոնք ներառված են շտապօգնության հերթապահության գրաֆիկում, անպայման ունենան վերակենդանացման բաժիններում 10 տոկոսի չափով ազատ տեղեր շտապօգնության հիվանդների համար:

Մեր հարցին՝ նախարար Արսեն Թորոսյանի հրամանը կատարվա՞ծ է, Թագուհի Ստեփանյանն ասաց. «Այսօրվա դրությամբ ինձ թվում է՝ կա»:

Սոնա Դավթյան