Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » Լուրեր » Սկսենք Երևանից և անցնենք մարզերին. ԱԻՆ-ը ստուգելու է ԱԳԼՃԿՆ-երը

    Սկսենք Երևանից և անցնենք մարզերին. ԱԻՆ-ը ստուգելու է ԱԳԼՃԿՆ-երը

    Սկսենք Երևանից և անցնենք մարզերին. ԱԻՆ-ը ստուգելու է ԱԳԼՃԿՆ-երը
    Հունիս 11, 2018 15:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

    Խորհրդակցության սկզբում նախարարը ներկայացրեց Ռուսաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները: Հունիսի 6-8-ը Մոսկվայում անցկացվեց «Համալիր անվտանգություն 2018» խորագրով անվտանգության ապահովման միջոցների 11-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցություն ուներ նաև Հայաստանը: Նախարար Ռոստոմյանը նշեց, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են եղել ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հարցեր, ինչպես նաև՝ նոր ծրագրերի իրականացման հիմնախնդիրներ:

    Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և հանձնարարականների կատարման մասին: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մոտ 25000 ահազանգ, մարզերում իրականացվել են թեմատիկ դասընթացներ և ուսումնական վարժանքներ:

    Անդրադառնալով ուսումնական հաստատություններում իրականացվող վարժանքների արդյունավետության բարձրացմանը՝ նախարարը Փրկարար ծառայության ղեկավար կազմին հանձնարարեց մշակել չափորոշիչներ և գնահատման մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հստակ գնահատել հաստատության կարողությունները տարբեր արտակարգ իրավիճակներին համապատասխան վարքականոնների պահպանման հարցում: Նախարարի հանձնարարեց նաև սեղմ ժամկետում ներկայացնել կատարված վարժանքների քանակն ու գումարային ծախսը:

    ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետը զեկուցեց, որ ընթացքի մեջ են մարզերում շահագործվող շարժական գազալցակայանների ստուգումները, ինչպես նաև՝ խնդրի վերաբերյալ պաշտոնական նամակ է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին:

    Նախարար Հ. Ռոստոմյանը Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետերին հանձնարարեց մանրակրկիտ ստուգումներ իրականացնել Երևան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ավտոգազալիցքավորման ճնշակայաններում և հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել կայանների շահագործումը՝ անկախ պատկանելիությունից. «Սկսենք Երևանից և անցնենք մարզերին»,-հավելեց նա:

    ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն անդրդարձավ նախորդ շաբաթ Հայաստանում գրանցված երկրաշարժերին և նշեց, որ այս պահին անհանգստության որևէ պատճառ չկա, ծառայության մասնագետները իրականացնում են օպերատիվ հերթապահություն: Լոռու մարզային փրկարարական վարչության պետն էլ նշեց, որ մարզում սեյսմիկ վիճակը համեմատաբար հանգիստ է, մարզային ստորաբաժանման աշխատակիցներից ձևավորվել են շրջիկ խմբեր, ովքեր հանդիպում են բնակիչների հետ և բացատրական աշխատանքներ իրականացնում՝ ավելորդ անհիմն տեղեկության տարածումից խուսափելու համար: Կ. Հովհաննիսյանը նաև նշեց, որ մարզի 43 համայնքի ուղարկվել են սողանքի դեպքում վարվեցողության նյութեր, իրականացվել է մարզային ՃԿԿ-ում գրանցված ահազանգերի հետադարձ կապ՝ խուճապային վիճակը կարգավորելու ուղղությամբ:

    Նախարար Ռոստոմյանը հանձնարարեց նաև քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները՝ ծառայության սակագինն իջեցնելու և ծառայության համար ստացված գումարները պետական բյուջե ուղղելու նպատակով:

    Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին:

    Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և վարչության պետերին:

    Նման թեմաներ

    scroll to top