Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Սոցապահովության ծառայության տարածքային բաժնի պետը կաշառք է վերցրել

    Սոցապահովության ծառայության տարածքային բաժնի պետը կաշառք է վերցրել

    Սոցապահովության ծառայության տարածքային բաժնի պետը կաշառք է վերցրել
    Նոյեմբեր 9, 2018 13:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

    2018թ. նոյեմբերի 5-ին քաղաքացին հաղորդում է տվել առ այն, որ հոկտեմբերի 8-ին այցելել է սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժին՝ կենսաթոշակը ձևակերպելու համար: Նույն բաժնի պետը և գլխավոր մասնագետն ուսումնասիրել են քաղաքացու փաստաթղթերը և հայտնել, թե, իբր, կենսաթոշակը ձևակերպելու համար աշխատանքային ստաժը չի բավարարում և այս հանգամանքն անտեսելու, այլ լուծումներ գտնելու և կենսաթոշակը ձևակերպելու համար քաղաքացուց պահանջել 100 000 ՀՀ դրամ կաշառք:

    Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնի պետը նույն բաժնի գլխավոր մասնագետի օժանդակությամբ քաղաքացուց կաշառք ստանալու պահին բռնվել է:

    Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

    ՍԱԾ գլխավոր մասնագետը հարցաքննվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

    Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար, ինչը բավարարվել է և որպես այլընտրանքային խափանման միջոց՝ ընտրվել գրավը:

    Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top