Գլխավոր Լուրեր Սփյուռքում եւս պետք է կատարվեն փոփոխություններ. Լիոնի փոխքաղաքապետ

Սփյուռքում եւս պետք է կատարվեն փոփոխություններ. Լիոնի փոխքաղաքապետ

3
0

Հայաստանն ու սփյուռքը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը միջազգային ասպարեզում խնդիրները լուծելու համար: Այդ մասին ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը:

Նա նշել է, որ, հաշվի առնելով աշխարհում բարդ դիվանագիտական իրավիճակը, պետք է միավորել ջանքերը եւ ճնշում գործադրել տարբեր միջազգային կառույցների վրա այս կամ այն խնդիրները լուծելիս:

«Անհրաժեշտ է ամրապնդել սփյուռքը, քանի որ Հայաստանն ունի ուժեղ սփյուռքի կարիքն այնպես, ինչպես սփյուռքն ունի ուժեղ Հայաստանի կարիքը: Անցել է Հայաստանի եւ սփյուռքի միջեւ հարաբերություններում ռոմանտիզմի շրջանը, ժամանակն է առավել պրագմատիկ համագործակցության, եւ ես տեսնում ե, որ հայերի նոր սերունդը լի է վճռականությամբ պետության զարգացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար»,-նշել է նա:

Ժորժ Քեփենեկյանի կարծիքով՝ Հայաստանում մտածողության եւ իրադարձություններն ընկալելու այս կամ այն փոփոխությունների պարագայում սփյուռքը պետք է կարողանա արձագանքել համապատասխան կերպով:

«Ես կածում եմ, որ եթե կան փոփոխություններ Հայաստանում ընկալումների եւ մտածողության առնչությամբ, ապա սփյուռքում եւս պետք է կատարվեն փոփոխություններ»,-պարզաբանել է փոխքաղաքապետը:

Ժորժ Քեփենեկյանը նշել է, որ իր այցի նպատակն է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր այցելությունը, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների անցկացումը ապակենտրոնացված համագործակցության հարցերով հայ-ֆրանսիական համաժողովի նախապատրաստական աշխատանքների նախօրեին:

«Հայաստանի իշխանության հետ հանդիպումների ժամանակ մենք համատեղ որոշում ենք կայացրել, որ պետք է միասնական ուժերով ապահովենք քաղաքների եւ շրջանների միջեւ ավելի ինտենսիվ համագործակցությունը եւ չսահանափակվենք տարեկան 1-2 հանդիպումներով: Դա հնարավորություն կտա համագործակցությունն ամրապնդելու, այդ թվում՝ քաղաքական դաշտում»,-հավելել է նա:

Փոխքաղաքապետն ընդգծել է երկու երկրներում հասարակության լայն շերտերի ներգրավումը՝ ներառյալ համալսարանները, ստարտափերը, որոնք կարող են նորարարություն հաղորդել համագործակցությանը:

«Դա թույլ կտա խորացնել համագործակցությունը, որը սկսվել է դեռեւս 30 տարի առաջ՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո»,-ամփոփել է Լիոնի փոխքաղաքապետը: