Շաբաթ , 19 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 553.00   Վաճառք` 567.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 484.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 7.95   Վաճառք` 8.17   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Mostly Sunny
31°
Home » Լուրեր » Սրանով կավելանան կոռուպցիան, կեղծիքը. Բլեյանը` 12-ամյա պարտադիր կրթության մասին

Սրանով կավելանան կոռուպցիան, կեղծիքը. Բլեյանը` 12-ամյա պարտադիր կրթության մասին

Օգոստոս 12, 2017 12:07 Լուրեր, Հասարակություն A+ / A-

13077032_1122915381094180_4112688854413244891_n

Ես դեմ չեմ 12-ամյա կրթությանը, որովհետև կրթությունը մարդու համար անընդհատ է, ողջ կյանքի համար: Այստեղ իրավունքի հարց կա, որ անձը ինքն իր պլաններին համապատասխան ընտրի իր կրթության ձևը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը` անդրադառնալով 12-ամյա կրթության պարտադիր լինելուն:

«Ես սովորում եմ ողջ կյանքիս ընթացքում և ոչ միայն ես, և կրթությունը ինչպե՞ս կարող է մեկ անգամ լինել, եթե մեկ անգամ է, նշանակում է դիպլոմի, թղթի համար է, բայց կյանքը, իրականությունը անընդհատ փոխվում են, և անընդհատ պետք է ձեռք բերել նոր հմտություններ, նոր կարողություններ, նոր որակ, որպեսզի կարողանան ոչ միայն Հայաստանում, այս անընդհատ փոփոխվող աշխարհում տեղավորվել, աշխատանքը չկորցնել:

Բայց այստեղ իրավունքի հարց է, որ ես իրավունք ունեմ և օգտվում եմ իմ իրավունքից, և իշխանությունը, հասարակությունը, կազմակերպությունները, ուսումնական հաստատություններն ապահովում են, որ ես` անհատս, իմ պայմաններին, իմ տաղանդին, իմ հնարավորություններին, պլաններին համապատասխան ընտրեմ կրթության ձևը, տևողությունը, որ ես որոշեմ»:

Աշոտ Բլեյանի խոսքով` այս պարագայում խոսքը պարտադրանքի մասին է: Նա նկատում է, որ թեև պետությունը պարտադրում է իր ուսումնական ծրագիրը, տևողությունը, բայց հետո դրանով չի երաշխավորում շրջանավարտի աշխատանքի հնարավորությունը. «Քիչ է` 9-րդ դասարանն ավարտում են պարտուսի մեջ, հիմա էլ ևս երեք տարի պետք է պարտադիր սովորեն, ընդ որում, երեք տարի հա՛մ պետք է սովորեն, հա՛մ պետք է սովորեն պետության որոշած ծրագրով ու մասնագիտությունները: Ինչո՞ւ եք պարտադրում, չէ՞ որ դրանից հետո դուք` պետություն, իմ աշխատանքը չեք երաշխավորում»:

12-ամյա պարտադիր կրթությունը հատկապես խնդիրներ կստեղծի այն աշակերտների համար, ովքեր որոշել են 9-րդ դասարանն ավարտելուց հետո աշխատել, զբաղվել հողագործությամբ կամ անասնապահությամբ. «Հիմա պատկերացրեք` 9-րդ դասարանն ավարտած գյուղացին, ով շատ խնդիրներ ունի` անասուն պահելու, հող մշակելու: Մարդիկ գաղթում են, բայց հիմա պետությունն ասում է` չէ՛, դու չպետք է չոբան լինես, հովիվ լինես, կարտոֆիլագործ լինես, մեղվապահ լինես, պետք է երեք տարի պարտադրված գնաս դպրոց: Իսկ այդ ընթացքում, երբ ես առավոտյան 8-ից մինչև 2-ը նստած եմ դպրոցում, իմ հայրը, մայրը կամ տատը տառապում են, լիքը առողջական խնդիրներ ունեն: Հիմա լավ չի՞, որ 9-րդ դասարանից հետո երեխան ինքը որոշի, ինքը պլանավորի, թե ինչ է անելու»:

Ինչպես ընդգծում է Աշոտ Բլեյանը, 12-ամյա պարտադիր կրթությունը մեկ այլ խնդիր ևս կառաջացնի` կավելանա կոռուպցիան. «Հիմա որ մարդ սոված է, պետք է գնա աշխատի, կգնա կգրվի մի դպրոցում կամ քոլեջում, հետո մի վկայական կվերցնի, ու դրանով կոռուպցիան, ձևականությունը, կեղծիքը պետք է ավելանան, գործարքի պիտի գնան, ուրիշ ի՞նչ պետք է լինի»:

Տվյալ պարագայում ժամանակն ավելի ճիշտ օգտագործելու և դպրոցից հետո աշխատանքի հնարավորություն ունենալու համար Աշոտ Բլեյանն առաջարկում է. «Այսօր պետությունը աշակերտի երեք տարի սովորելու համար վճարելու է մոտ 500 հազար դրամ` տարեկան 150-160 հազար: Ես առաջարկում եմ` այդ 500 հազար դրամը փոխանցեն ամեն սովորողի հաշվին ու նշեն` հատուկ հաշիվ կրթության համար մինչև 19 տարեկանը լրանալը: Այդքան մասնագիտություններ կան, ծառայություններ հյուրանոցներում, խոհարարություն, թող աշակերտն ինքն ընտրի, պետությունն այդ գումարը փոխանցի մասնավոր ընկերությանը, պայմանով, որ հետո աշխատանքի կանցնի: Ավելի լավ չէ՞ երեք ամսում մասնագիտություն ձեռք բերի, աշխատանք ունենա, քան երեք տարի անիմաստ ժամանակ վատնի»:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից Հայաստանն անցնում է 12-ամյա պարտադիր կրթության համակարգի:

Էմմա Հովսեփյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top