Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Սրտի բաց վիրահատություններ «Քանկոր» ԲԿ-ում. ինչո՞ւ են զարկերակային շունտերն առավել արդյունավետ

    Սրտի բաց վիրահատություններ «Քանկոր» ԲԿ-ում. ինչո՞ւ են զարկերակային շունտերն առավել արդյունավետ

    Սրտի բաց վիրահատություններ «Քանկոր» ԲԿ-ում. ինչո՞ւ են զարկերակային շունտերն առավել արդյունավետ
    Հոկտեմբեր 9, 2018 15:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Քանկոր» բժշկական կենտրոնը սիրտ-անոթային հիվանդությունների մասնագիտացված կլինիկա է: Այստեղ բուժվում են մեծահասակներ՝ սրտի հետ կապված ամենատարբեր խնդիրներով: Բժշկի մասնագիտական որակների, «Քանկոր» կլինիկայի սրտի վիրաբուժության բաժանմունքի և բաժանմունքում կատարվող վիրահատությունների մասին զրուցում ենք սրտի վիրաբույժ Արման Քոչարյանի հետ:

    Երևան Տոնավաճառ

    - Մասնագիտական ի՞նչ որակներ պիտի ունենա բժիշկը լավ վիրաբույժ համարվելու համար:

    - Միայն ոսկի ձեռքեր մսագործն էլ կարող  է ունենալ, վիրաբույժը աշխատող գլուխ պետք է ունենա: Անգամ կրկեսում արջին կարող ես դաշնամուր նվագել սովորեցնել, բայց Մոցարտի գործերը հաստատ չես կարող:

    - «Քանկոր» բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքում ի՞նչ միջամտություններ են կատարվում:

    - Սրտի վիրաբուժության մեր բաժանմունքում կատարում ենք մեծահասակների ձեռքբերովի և բնածին արատների կապակցությամբ բաց վիրահատություններ: Մեր բաժանմունքում աշխատում ենք երեք վիրաբույժներով: Երբ ընդունում ենք հիվանդին, մենք մանրակրկիտ քննարկում ենք նրա դեպքը, մեզանից յուրաքանչյուրն իր կարծիքն է ասում, հետո կայացնում ենք ամենաօպտիմալ որոշումը:

    - Ի՞նչ մթնոլորտ է «Քանկոր» ԲԿ-ում:

    - Մեր բժիշկներն իրար հետ չեն մրցում, համագործակցում են: Մեր կլինիկայում կա մի շատ լավ սկզբունք. հիվանդը ոչ թե կոնկրետ մեկ բժշկի հիվանդն է, այլ ողջ հիվանդանոցի: Երբ հիվանդը գալիս է մեր կլինիկա, նա ստանում է իր բոլոր հարցերի պատասխանները: Մեր բոլոր բաժանմունքների միջև սերտ կապ կա: Սա հնարավորություն է տալիս ճիշտ ախտորոշել հիվանդին և նրան ճիշտ ուղղորդել՝ ապահովելով նրա բուժման հաջող ընթացքը: «Քանկորը» եզակի բուժկենտրոններից է, որտեղ հիվանդանոցի սեփականատերը և տնօրենը պրակտիկ բժիշկ է, ում հետ կարող ես ամեն ինչ քննարկել և ունենալ լիակատար մասնագիտական ազատություն:

    - Սրտի վիրահատությունների մի զգալի հատվածի պատճառը իշեմիկ հիվանդություն է: Ի՞նչ Է կատարվում օրգանիզմում իշեմիկ հիվանդության զարգացման ժամանակ:

    - Խոլեստերոլ նյութը, որը նորմայում կա և պետք է մարմնին, սկսում է նստել տարբեր տրամաչափի և տեղադրության զարկերակների պատերին, իսկ զարկերակները իրենց բնույթով սնուցող անոթներ են, այսինքն՝ ամեն մի զարկերակ սնուցում է ինչ-որ մի օրգան կամ օրգանի մի հատված: Աստիճանաբար այդ շերտերը ավելանում են, և  նեղացումը հասնում է այն աստիճանի, որ անցնող արյան քանակը և այդ օրգանի կողմից պահանջվող արյան քանակների միջև բալանսը խախտվում է, ինչը բերում է թերսնուցման, այսինքն՝ իշեմիայի: Իշեմիա կամ իշեմիկ հիվանդություն, որը հետևանքն է աթերոսկլերոզի, բառացի թարգմանաբար նշանակում է սակավարյունություն, այսինքն՝ անհամապատասխանություն պահանջվող և հասցվող արյան քանակների միջև:

    - «Քանկոր»-ում ի՞նչ եղանակով է կատարվում իշեմիկ հիվանդության վիրահատական գործընթացը:

    - Իշեմիկ հիվանդության կապակցությամբ վիրահատությունը կոչվում է կորոնար շունտավորում: «Քանկոր» ԲԿ-ի կարևոր ձեռքբերումն այս հարցում այն է, որ  մեր բաժանմունքի բժիշկները լայն ծավալով են կիրառում զարկերակային շունտեր: Զարկերակային շունտերով աշխատելը բժշկից մեծ հմտություն և տեխնիկապես մեծ վարպետություն է պահանջում, բայց վիճակագրորեն զարկերակային շունտերը ծառայում են ավելի երկար, քան երակային շունտերը, հենց այդ պատճառով էլ մեզ համար սկզբունքային է այս շունտերի լայն կիրառումը: Տարիների փորձ ու հմուտ թիմ ունենք, ինչի շնորհիվ էլ կարողանում ենք բարձր որակ ապահովել:

    - Ո՞րն է զարկերակային շունտերի առավելությունը:

    - Զարկերակային շունտը բարձր ճնշման պայմաններում աշխատող անոթ է, որի միջավայրը դու չես փոխում, ուղղակի մի տեղից մյուսն ես դնում, ճնշման փոփոխություն չի լինում, հետևաբար ինքն ավելի երկար է ծառայում: Երակը ցածր ճնշման պայմաններում աշխատող անոթի տեսակ է, որի միջավայրը դու փոխում ես, դնում ես ավելի բարձր ճնշման տակ, հետևաբար այն շուտ է ախտահարվում:

    - «Քանկոր» ԲԿ-ում կատարվում է նաև փականային պրոթեզավորում: Հաճա՞խ կիրառվող միջամտություն է:

    - Փականային պրոթեզավորումը կատարվում է այն ժամանակ, երբ փականային ապարատը հիվանդ է: Փականի հիվանդ լինելը ցուցում չէ որևէ գործողության, վիրահատության ցուցումն առաջանում է, երբ այդ հիվանդությունը բերում է սրտի վնասվածության որոշակի աստիճանի: Բարդության տեսանկյունից տեխնիկապես շատ դժվար վիրահատություն չէ և շատ հաճախակի բնույթ չի կրում:

    Իսկ ո՞ր դեպքերում է անհրաժեշտություն առաջանում կիրառել վերին աորտայի պրոթեզավորում:

    - Վերին աորտայի պրոթեզավորումը կատարվում է ամենամահաբեր հիվանդություններից մեկի պարագայում՝ սրտի վերին աորտայի անևրիզմայի կամ անևրիզմայի շերտազատման դեպքում: Անևրիզման լայնացումն է, շերտազատումը, երբ որ աորտայի պատ կազմող շերտերը միմյանցից շերտազատվում են: Գալիս է մի պահ, երբ պատռվածք է առաջանում, շերտերը հեռանում են միմյանցից: Եթե շերտազատումն ընդգրկում է ճյուղավորման որևէ հատված, դա կարող է բերել այդ ճյուղով սնուցվող մարմնի հատվածի սնուցման ընդհուպ մինչև դադարեցմանը: Այս վիրահատությունը բավականին ծանր է, բավականին ռիսկային, բարձր մահացությամբ հիվանդություն է: Հայաստանում այն շատ է հանդիպում: Այս հիվանդության հաճախ հանդիպելու հիմնական պատճառներից է բժշկին ուշ դիմելը: Այս միջամտությունը ևս շատ բարձր մակարդակով կատարվում է «Քանկոր» բժշկական կենտրոնում

    - Ի՞նչ խորհուրդ կտաք հիվանդներին:

    - Առողջ ապրելակերպ տերմինը համակարգչով մի՛ գրեք, տեսեք ին՞չ է և կողքով անցեք: Փորձե՛ք հետևել ձեր սննդակարգին, նստակյաց ապրելակերպ մի՛ վարեք, խնդիրների դեպքում էլ ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք՝ բժշկին դիմեք:

    - Դուք ամեն օր կամ գրեթե ամեն օր տեսնում ու շոշափում եք սիրտը, ինչպե՞ս կբնութագրեք այն:

    - Սիրտն ամենասիրուն և ամենաշնորհակալ օրգանն է:

    Զրույցի վերջում Արման Քոչարյանն նորից կարևորում է իր այն համոզմունքը, ըստ որի՝ բժշկությունն էլ արվեստ է. սկզբում նվագել ես սովորում, հետո անցնում Մոցարտի գործերին:

    42516207_254175768497712_7662986125882949632_n TAT_2676 copy TAT_2700 copy TAT_2703 copy TAT_2729 copy TAT_2733 copy

     


    Նման թեմաներ

    scroll to top