Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Ստեփանակերտը ողջունում է ֆրանսիական քաղաքների քաղաքապետերի հայտարարությունը

    Ստեփանակերտը ողջունում է ֆրանսիական քաղաքների քաղաքապետերի հայտարարությունը

    Ստեփանակերտը ողջունում է ֆրանսիական քաղաքների քաղաքապետերի հայտարարությունը
    Հունիս 14, 2019 22:12 Արցախ, Լուրեր A+ / A-

    Ստեփանակերտը ողջունում է ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։ Այս մասին Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել.

    «Կիսում ենք այն տեսակետը, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը հիմնված է հավասարության և ազատության ընդհանուր արժեքների և համոզմունքների վրա, որոնք վեր են այսրոպեական քաղաքական և տնտեսական շահերից։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակին՝ ֆրանսիական կառավարությանը կոչ անելու համար՝ անաչառություն ցուցաբերել և չտրվել Ադրբեջանի ճնշմանը։

    Համոզված ենք, որ պաշտոնական Բաքվի կողմից տարվող Արցախը մեկուսացնելու քաղաքականության սատարումը ոչ մի կերպ չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը։ Նմանատիպ գործողությունները ոչ միայն չեն կարող ներկայացվել որպես չեզոք դիրքորոշում, այլ, ընդհակառակը՝ հակամարտության կողմերից մեկին ակնհայտ աջակցություն են հանդիսանում։

    Ինչպես բազմիցս ենք հայտարարել՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղված Արցախի վարչատարածքային միավորները միջազգային գործընթացներին ներգրավելու համար պայմանների ստեղծմանը։ Խորապես համոզված ենք, որ միջազգային համագործակցությունը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խթանման արդյունավետ գործիք է, և նման կարևոր առավելությունից ու մարդասիրական շփումների համար հնարավորություններից Արցախի քաղաքացիներին զրկելու փորձերն անթույլատրելի են»։

    Հիշեցնենք, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ էր հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:


    scroll to top