Գլխավոր Բլոգ Սուր շնչառական վարակներով 487 և թոքաբորբով 168 հիվանդ է հոսպիտալացվել

Սուր շնչառական վարակներով 487 և թոքաբորբով 168 հիվանդ է հոսպիտալացվել

2
0

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի էջում գրել է. «Հերթական ապատեղեկատվության մասին‼️

Ամանորի տոնական օրերին առողջապահության նախարարության կողմից սահմանվել է օրական հսկողություն ինչպես ստացիոնար, այնպես էլ պոլիկլինիկական կազմակերպություններ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նկատմամբ։ Ըստ օրական մոնիթորինգի տվյալների՝ հունվարի 4-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներին բնորոշ գանգատներով դիմել է 494 հիվանդ, որոնց 95%-ը երեխաներ են։

Ինչ վերաբերում է ստացիոնարներում հոսպիտալացված հիվանդներին, ապա սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 487 և թոքաբորբով 168 հիվանդ։ Բոլոր հիվանդներին ունեն առողջացման դրական շարժընթաց, և նրանցից 97%-ը երեխաներ են։

Հունվարի 4-ին գրիպի նկատմամբ իրականացված 25 նմուշի լաբորատոր հետազոտությունների արդյունքում միայն 10-ում հաստատվել է գրիպ։ Ներկայումս դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը համահունչ է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին։

Ինչ վերաբերում է «Im hayastan» անունով կայքի տարածած տեղեկատվությանը՝ իբր հազարավոր մարդիկ սուր շնչառական հիվանդություններով դիմել են պոլիկլինկաներ և դրա պատճառով դասերը կերկարացվեն՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Ավելին՝ կառավարությունը գտնվում է արձակուրդում և դեռևս նիստ չի հրավիրվել, հետևաբար ես չէի կարող նման հայտարարություն անել։ Քաղաքացիներին կոչ եմ անում հանգիստ լինել և չմատնվել խուճապի:

Առողջապահության նախարարության կողմից իրավիճակը սուր շնչառական վարակների ու գրիպի առումով վերահսկելի է։

Խնդիրների առաջացման դեպքում նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։

Հ.Գ. վստահեք միայն ճշտված լուրերին»: