Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

    Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

    Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին
    Հոկտեմբեր 10, 2018 18:14 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նախևառաջ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ կարճ ժամանակամիջոցում մարզում զգալի դրական տեղաշարժ ապահովելու համար, ապա համոզմունք արտահայտել, որ իր հետագա գործունեության մեջ ևս պարոն Սաղաթելյանը կառաջնորդվի մարզի ու պետականության զարգացման ու ամրացման հրամայականով։ Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ դեռևս ՀՀ բնապահպանության փոխնախարար աշխատած ժամանակահատվածում Գնել Սանոսյանն իրեն դրսևորել է որպես հմուտ և բանիմաց մասնագետ, ով նաև շատ լավ ճանաչում է Գեղարքունիքի մարզը։ «Վստահ եմ, որ որպես բնապահպանական ոլորտի ներկայացուցիչ, պարոն Սանոսյանն անելու է ամեն բան Գեղարքունիքի մարզն ու Սևանի ավազանը զարգացնելու, բնակիչների ու զբոսաշրջիկների համար այն էկոլոգիապես ավելի մաքուր ու գրավիչ դարձնելու գործում»,- ասել է նախարարը և հաջողություն մաղթել նորանշանակ մարզպետին իր աշխատանքի մեջ։

    Երևան Տոնավաճառ

    Սուրեն Պապիկյանը խոսել է նաև հեղափոխությունից հետո երկրի պետական կառավարման համակարգում ձևավորված իշխանության սահուն փոխանցման պրակտիկայի մասին և մասնավորպես` ընդգծել․«Մենք այլևս գործում ենք գործընկերային, սիրո ու համերաշխության մթնոլորտում, երբ իշխանության փոխանցումը ցավոտ չի ընկալվում, իսկ նախկին և ներկա պաշտոնյաների փոխհարաբերություններում իշխում են արժանապատվության ու սիրո դրսևորումները․ այսուհետ այսպիսին են լինելու հայաստանյան իրողությունները»։

    Իր հերթին Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, նախարար Սուրեն Պապիկյանին, մարզպետարանի աշխատակազմին և համայնքների ղեկավարներին` համատեղ գործընկերային մթնոլորտում իրականացված արդյունավետ աշխատանքի ու արձանագրված ձեռքբերումների համար ու հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետին՝ մարզի շարունակական զարգացումն ապահովելու գործում։

    Նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալություն է ՀՀ վարչապետին և նախարար Սուրեն Պապիկյանին` նման բարձր վստահության համար և վստահեցրել, որ ջանք ու եռանդ չի խնայի մարզում դրական առաջընթաց գրանցելու գործում։


    Նման թեմաներ

    scroll to top