Գլխավոր Լուրեր Սխալ է մեծ արտիստի հետ թղթաբանությունով խոսել․ Արմեն Սարգսյան

Սխալ է մեծ արտիստի հետ թղթաբանությունով խոսել․ Արմեն Սարգսյան

4
0

Կառավարության շենքի առջև են հավաքվել Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները, որոնք պահանջում են մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականը։

Բողոքի ակցիային միացավ նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը, ով նշեց, որ եկել է աջակցելու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին։

Նշենք` լուրեր էին շրջանառվում, որ հենց Սարգսյանն է դառնալու թատրոնի տնօրենը, բայց նա հերքել է այդ լուրը։

Սարգսյանը նշեց, որ ինքը թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելու առաջարկ ստացել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերին թատրոնի որոշ արտիստներից, ոչ Ղարիբյանից։ Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ Օրբելյանին պետք է ճիշտ վերաբերվել։

«Թղթաբանությունով սխալ է մեծ արտիստի հետ խոսել։ Կոնստանտին Օրբելյանը պետք է Հայաստանին և հայ մշակույթին։ Մշակույթի նախարարությունը սխալ վերաբերմունք է դրսևորել միջազգային արտիստի հանդեպ, և դա պետք է ուղղվի»,- ասաց Սարգսյանը։

Դիտարկմանը՝ միգուցե Սարգսյանը միացել է ակցիային, որովհետև իրեն ժամանակին չեն նշանակել, նա ասաց, որ բոլոր արտիստների հետ լավ հարաբերություններ ունի և չի վախենում ակցիային մասնակցելուց։

Նշենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի դիմաց և ուզում են նամակ հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել այն մասին, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու թատրոնի տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվն ու Օրբելյանը մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։