Ճանապարհային նշանների տեղադրումն ուշացնելու համար «ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը զգուշացվեց Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության կողմից։
Այս մասին կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը հանդիպման ժամանակ տեղեկացրել է իտալական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ֆիլիպո Դուցիոնիին: Նշվել է, որ մինչև հոկտեմբերի 21-ը պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում ընկերությունը ենթարկվելու է տուգանքների։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ արդեն իսկ մեկ անգամ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունն ընդառաջել է «ՍՈՒԱՐԴԻ» ընկերության խնդրանքին՝ երկարաձգելով աշխատանքների կատարման վերջնաժամկետը։
Ըստ պայմանագրի՝ «ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում հանրապետության ճանապարհների (Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման և այլն) ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետրի վրա մինչև հոկտեմբերի 21-ը պետք է տեղադրի 3892 ճանապարհային նշան։
Ֆիլիպո Դուցիոնին նշել է, որ ճանապարհային նշանները պետք է ուղարկվեն Իտալիայից, սակայն առաջացել են որոշակի տեխնիկական խնդիրներ։ Ճանապարհային նշաններն այս պահին բարձվում են, և առաջիկա մեկ-երկու օրերին կուղարկվեն Հայաստան։ Ֆիլիպո Դուցիոնին շեշտել է, որ իրենք մատակարարելու են տեխնիկական մասնագրերին համապատասխան, բարձրորակ նշաններ։