Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    25°
    Home » Բլոգ » ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 ավտոմեքենա

    ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 ավտոմեքենա

    ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 ավտոմեքենա
    Հունիս 14, 2018 17:59 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երթեւեկության կանոնները խախտելու համար հունիսի 14-ի գիշերը ոստիկանները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 32 ավտոմեքենա, որոնցից 18-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀ ոստիկանության հասարակայնության  հետ կապի և  լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

    «Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության կազմակերպման գործում որդեգրել է առավելագույն հանդուրժողականության քաղաքականություն, ինչը ենթադրում է պատժամիջոցների փոխարինում կանխարգելման միջոցառումներով, այլ խոսքով` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը թույլատրելի ու հնարավոր դեպքերում փոխարինվում է բանավոր դիտողությամբ, նախազգուշացմամբ:
    Այս քայլն ուղղված է հանրային իրավագիտակցության բարձրացմանը և ոչ մի դեպքում չպետք է դիտվի որպես թուլություն կամ երթևեկության վերահսկողության թուլացում:

    Ցավոք, մեր որոշ քաղաքացիներ հենց այս` անթույլատրելի տեսանկյունից են գնահատում բարեփոխումը` չգիտակցելով, որ ճանապարհային ոստիկանության խնդիրը ոչ թե իր լիազորությունների ցուցադրումն ու տուգանելն է, այլ երթևեկության կուլտուրայի բարձրացման միջոցով մասնակիցների անվտանգության ապահովումը:
    Ի վերջո, ոչ մի պատժամիջոց, ոչ մի տուգանք, ոչ մի վարորդական իրավունքից զրկում չի կարող փոխհատուցել մարդկային կյանքը, չի կարող վերադարձնել վթարից կամ վրաերթից զոհված մարդկանց:

    Հիշենք հանրապետության ճանապարհներին ամեն տարի զոհվող մեր հարյուրավոր հայրենակիցներին, մեր ինքնահավանությանը, անտարբերությանը, անկարգապահությանը զոհ դարձող երեխաներին հիշենք ու հասկանանք վերջապես, որ սա վիճակագրություն չէ, ողբերգություն է, որի պատասխանատուն մենք ենք»,- գրել է Ահարոնյանը:

    Նրա խոսքով` գոյություն ունի երթևեկության կառավարման երկու եղանակ` ռեպրեսիվ միջոցներով և երթևեկության կուլտուրայի բարձրացման ճանապարհով:
    «Ոստիկանությունն ունի երթևեկության կանոնները խախտողներին խստագույնս պատժելու բոլոր լիազորությունները և հարկ եղած դեպքում լիարժեք կիրառում ու կիրառելու է դրանք, բայց նախընտրելին երկրորդ ուղղությունն է, և կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, որոնք վարորդ, ուղևոր ու հետիոտն են, որպես ճանապարհային ոստիկանության լիարժեք գործընկերներ մասնակցել երթևեկության կուլտուրայի բարձրացման այս նախաձեռնությանը:
    Խնդիրը բարդ չէ. պարզապես չգերազանցենք թույլատրված արագությունը, մերժենք ոգելից օգտագործած վիճակում մեքենա վարելու միտքն անգամ, կապենք ամրագոտիները, ուշադիր ու հոգատար լինենք երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ և կունենանք այնպիսի երթևեկություն, որի համար բնորոշ կլինեն ոչ թե զոհերն ու վիրավորները, այլ փոխադարձ օգնությունը, հանդուրժողականությունը: Ոստիկանությունը հավատում է այս հեռանկարին ու բարի ճանապարհ մաղթում երթևեկության բոլոր մասնակիցներին»,- գրել է Ահարոնյանը:

    Նման թեմաներ

    scroll to top