Գլխավոր Լուրեր Ծիծեռնակաբերդում այրվել է 20 հա բուսածածկույթ (տեսանյութ)

Ծիծեռնակաբերդում այրվել է 20 հա բուսածածկույթ (տեսանյութ)

4
0

Ծիծեռնակաբերդի մոտ նախօրեին՝ հուլիսի 14-ին բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 20 հա բուսածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել է 67 փրկարար:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնել էին, որ հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը:

Ժամը 21:23-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Այնուհետեւ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից եւս երկու մարտական հաշվարկ եւ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 3 խումբ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:21-ին։ Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ:

Ժամը 01:41-ից 02:39-ը երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանից 4 ջրատար եւ 67 փրկարար: