Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » editorial » Թալանվածը երկրին վերադարձնելու ժամանակը

    Թալանվածը երկրին վերադարձնելու ժամանակը

    Թալանվածը երկրին վերադարձնելու ժամանակը
    Հունիս 14, 2018 13:13 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Որտե՞ղ է հիմա և ինչո՞վ է զբաղվում Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյա, քաղաքական ֆենոմեն համարվող Երվանդ Զախարյանը: Զախարյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք:

    Երևան Տոնավաճառ

    Երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո հանրությունն արդարացի բարձրացնում է թալանվածը երկրին վերադարձնելու հարցը: Եվ քանի որ տարիներ շարունակ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո Զախարյանը գործելու ազատ հնարավորություններ է ունեցել, պարզ ասած՝ հարստացել է և սեփականացրել այնքան, որքան հերիքել է ժամանակը, հիմա պետք է հիշենք նաև նրա հետագիծն ու անցած ուղին:

    Երվանդ Զախարյանի առաջին «ձեռքբերումը» մազութի հայտնի գործն է: 1992-1993 թվականներին Երվանդ Զախարյանը ՀՀ էներգետիկայի փոխնախարարն էր: 1994 թվականին Զախարյանն անսպասելի հեռանում է Հայաստանից և Հայաստան է վերադառնում 1997 թվականին, երբ Հայաստանի վարչապետ է նշանակվում Արցախից Հայաստան տեղափոխված Ռոբերտ Քոչարյանը: Չար լեզուներն ասում են, որ Երվանդ Զախարյանն այն ժամանակ կապ է ունեցել հայտնի «մազութի թալանին»: Նրան այդ տարիներին Մազութի Երվանդ էին ասում:

    Ինչևէ, Քոչարյանի վարչապետ նշանակվելուց հետո Հայաստան վերադարձած Զախարյանը նշանակվում է «Հայտրանսգազ» ձեռնարկության գլխավոր տնօրեն, մեկ տարի անց, երբ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ, Զախարյանը նշանակվեց տրանսպորտի նախարար՝ այդ պաշտոնին մնալով 2 տարի:

    Զախարյանը իր թիկունքին միշտ զգում էր Ռոբերտ Քոչարյանի հովանավորությունը: Այդ էր պատճառը, որ Զախարյանը 2000 թվականին գործուղվեց պետական եկամուտների նախարարություն՝ նախ զբաղեցնելով նախարարի տեղակալի, այնուհետև՝ նախարարի պաշտոնը: Հետո Զախարյանը կրկին գնաց տրանսպորտի և կապի նախարարություն՝ զբաղեցնելով նախարարի պաշտոնը: Մի քանի ամիս անց Երվանդ Զախարյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ և այդ պաշտոնում մնաց մինչև 2003 թվականը: Առհասարակ 1998-2003 թվականներին Զախարյանը հաճախ էր ազատվում այս պաշտոնից և նշանակվում այն պաշտոնին, հետո էլի ազատվում, հետո կրկին վերադառնում նախկին պաշտոնին:

    2003 -2009 թվականներին Զախարյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: Զախարյանի պաշտոնավորումը կապվում է Հյուսիսային պողոտայի յուրացման, Երևանի գլխավոր հատակագծի կառուցման հետ:

    Այդ տարիներին տեղի ունեցած աղաղակող հանցագործությունների մասին մամուլը շատ է գրել: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է  Բուզանդի փողոցի բնակիչների խնդիրները: Այդ խնդիրների առաջին պատասխանատուն Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն էր:

    Ներկայումս մոտ 3 տասնյակ  բնակիչ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 14 գործի վերաբերյալ  Եվրոպական դատարանը կայացրել է որոշում, որոնց հիման վրա մեր կառավարությունը որպես փոխհատուցում տվել է 500.000 դոլար գումար: Մնացած 10-12 գործերով ՄԻԵԴ-ը դեռ որոշում չի կայացրել:

    Հավելենք, որ հենց Բուզանդի փողոցում տեղի ունեցող շինարարությունների մասին տարիներ առաջ սկանդալային հայտարարություն արեց «Վիզկոն» ՍՊԸ-ի ղեկավարը՝ Պավել Անդերսոնը, հայտարարելով, որ ինքը  գլխավոր պողոտայում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար միջնորդավորված 550.000 դոլար կաշառք է տվել  Ե. Զախարյանին:

    2009 թվականին, երբ Երևանի քաղաքապետ ընտրվեց Գագիկ Բեգլարյանը, Զախարյանը անպաշտոն չմնաց. նա գործուղվեց կադաստրի պետական կոմիտե: Հասկանո՞ւմ եք, չէ՞, ինչ է նշանակում Զախարյանը՝ կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում: Նա սկսեց սեփականաշնորհել այն, ինչ հասցրել էր յուրացնել:

    Զախարյանը կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում մնաց մինչև 2014 թվականը, այնուհետև նշանակվեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար: 2016 թվականից Զախարյանը ոչ մի պաշտոն  չի զբաղեցնում:

    Իսկ որտեղ է նա և ինչով է զբաղվում՝ պարզ չէ: Զախարյանը քաղաքական և հասարակական ասպարեզում չի երևում: Հավանաբար վայելում է այն միլիոնները և այն ունեցվածքը, որը կուտակել է «Մազութի» տարիներից մինչև 2016 թվականը:

    Իհարկե, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վենդետաներ չեն լինելու, բայց դա բնավ էլ չի նշանակում, թե քրեական հանցագործությունների մասին հարյուրավոր հրապարակումներն ու հասցեական մեղադրանքները չպետք է արժանանան նոր իշխանությունների ուշադրությանը:

    Երվանդ Զախարյանի պաշտոնավարման տարիներն ուսումնասիրելուց հետո կարելի է պետական բյուջե վերադարձնել կլորիկ գումար և, ի վերջո, տնավեր քաղաքացիներին վերադարձնել այն տները, որոնք այդ տարիներին խլվել են նրանցից:

    Ոչ մի օրինական իշխանություն չպետք է թույլ տա, որ Երվանդ Զախարյանն ու իր նմանները տարիներ շարունակ թալանեն երկիրն ու հեռանան Հայաստանից՝ թալանը վայելելու:

    Հարություն Մկրտչյան


    scroll to top