Գլխավոր Իրավական Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 46–ամյա տղամարդը գրավի դիմաց ազատ է արձակվել

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 46–ամյա տղամարդը գրավի դիմաց ազատ է արձակվել

1
0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 46-ամյա բնակչին:

ՔԿ փոխանցմամբ՝ քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1973թ., Երևանի Ավան Դուրյան թաղամասում ապօրինի իրացրել է զգալի չափի` 0.76 գրամ հաստատուն քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց:
Բացի այդ, առանց իրացնելու նպատակի վերջինս ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել խոշոր չափի՝ ընդհանուր 10.12 գրամ քաշով «Ափիոն», զգալի չափի՝ 0.167 գրամ քաշով «Ացետիլացված Ափիոն», խոշոր չափի՝ 0.271 գրամ քաշով «Հերոին», խոշոր չափի՝ 0.5464 գրամ քաշով «Մեթամֆետամին», խոշոր չափի՝ 0.99 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուրը 6.35 գրամ քաշով «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ:

Բացի այդ, 46-ամյա տղամարդը, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և իր փաստացի բնակության հասցեում ապօրինի պահել ընդհանուրը՝ 0.06372 կգ քաշով «Քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրuոր:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 46-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է: Միևնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: