Երեքշաբթի , 23 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Արցախ » Թող 2018 թվականը լինի համազգային իղձերի և նպատակների իրագործման տարի

    Թող 2018 թվականը լինի համազգային իղձերի և նպատակների իրագործման տարի

    Թող 2018 թվականը լինի համազգային իղձերի և նպատակների իրագործման տարի
    Դեկտեմբեր 30, 2017 15:08 Արցախ, Լուրեր A+ / A-

    ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ.

    «Հարգելի հայրենակիցներ
    ՊԲ-ի սիրելի զինծառայողներ,

    Անցնող տարին մեկ անգամ ևս հնարավորություն է ընձեռում վերագնահատել 2017-ի ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները և ըստ այդմ կատարել համապատասխան հետևություններ: Արձանագրված հաջողությունների շարքում, թերևս, ամենակարևորը մեր 26-ամյա հանրապետության անկախության և պետականության ամրապնդման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքն էր, և դրան զուգահեռ, նրա զինված ուժերի կատարելագործումը: Հանգամանք, որը պայմանավորված է առաջին հերթին մեր ժողովրդի և բանակի անխախտ միասնությամբ:

    Այսօր բանակի յուրաքանչյուր զինվոր և սպա լավ է հասկանում իր առաքելությունը: Գիտակցում է, որ իրեն է վստահված Հայրենիքի՝ արյամբ գծված սահմանների պաշտպանությունը: Այս տարվա փետրվարի 24-ին և 25-ին լարվածության աստիճանը առաջնագծում կրկին բարձր էր և հնարավոր էր, որ տեղային նշանակության գործողությունները վերածվեին լայնամասշտաբ պատերազմի, սակայն հայ զինվորի աչալրջության ու խիզախության շնորհիվ հերթական անգամ կարողացանք ձախողել հակառակորդի՝ հեռուն գնացող նպատակները, ու ևս մեկ անգամ փաստեցինք, որ մեզ հետ անհնար և անիմաստ է խոսել ուժի դիրքերից:

    Սակայն հաջողություններն ու ձեռքբերումներն ինքնահանգստացման առիթ չեն ստեղծում: Ապավինելով համայն աշխարհի հայության ներուժին, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթանակները ուղեկցեն մեզ նաև այսուհետ:

    Ավարտելով խոսքս, թույլ տվեք բանակի հրամանատարության և անձամբ իմ անունից հավաստիացնել, որ հանրապետության զինված ուժերը մշտապես պատրաստ են իրականացնելու մեր ժողովրդի անվտանգության ապահովման պատվավոր առաքելությունը և, միաժամանակ, շնորհավորել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտում և ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ու ողջ հայությանը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող յուրաքանչյուրիս համար 2018 թվականը լինի համազգային իղձերի և նպատակների իրագործման տարի:
    Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

    Նման թեմաներ

    scroll to top