Գլխավոր Լուրեր Թռիչքային անվտանգության մակարդակն ապահովելու համար կարևոր է կրթությունը․ Ռևազյան

Թռիչքային անվտանգության մակարդակն ապահովելու համար կարևոր է կրթությունը․ Ռևազյան

7
0

Թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու համար կարևոր է կրթությունը, ու, հաշվի առնելով, որ մենք այն պետությունը չենք, որ կարող ենք աջուձախ գումար ծախսել, կարևոր է, որ գտնենք անվճար տեղեր տարբեր ավիացիոն բուհերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Մենք կանոնակարգում ենք օդային տրանսպորտի ոլորտի համապատասխան միջազգային ստանդարտները: Որպեսզի կարողանանք թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովել, շատ կարևոր է կրթությունը: Օրինակ՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան մեզ անվճար կրթություն է տրամադրում: Միաժամանակ կարողացել եմ շատ ուժեղ մասնագետներ ներգրավել Հայաստան»,- հայտնեց Տաթևիկ Ռևազյանը:

Նրա խոսքով՝ Սինգապուրի քաղավիացիան ասել է՝ պատվիրակություն կուղարկի, որ կոնկրետ անվտանգությամբ զբաղվի, նրանով, թե ինչ խնդիրներ ունենք, որ լուծենք, ու էլի անվճար:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նաև տեղեկացրեց՝ կարևոր գործեր կան անելու նոր ավիաուղիներ բերելու մասով, շեշտեց՝ ամեն ինչ արել է, որ չկասկածեն՝ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի, ու դա կոնկրետ արդյունքներ է բերել:

Տաթևիկ Ռևազյանն ասաց՝ կարողացել են փաստերով, հետազոտությամբ ապացուցել, որ շուկա և հնարավորություններ ունենք, հետազոտությունն ուղարկվել է որոշում կայացնողներին, իսկ հոկտեմբերին Ռևազյանը հրավիրված է կոնֆերանսի, որտեղ պիտի խոսի որոշում կայացնողների առջև: