Գլխավոր Լուրեր Թուրքական բանտերում շուրջ 3000 անձ իրավունքների խախտումներով պահվում է մենախցերում

Թուրքական բանտերում շուրջ 3000 անձ իրավունքների խախտումներով պահվում է մենախցերում

1
0

Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի բանտերի մենախցերում երկու դատապարտյալ է մահացել։ Նրանցից մեկը՝ 58-ամյա ուսուցիչ Մուզաֆֆեր Օզչենգիզը «ՖԵթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) առաջնորդներից մեկը լինելու մեղադրանքով դատապարտվել էր 12․5 տարի ազատազրկման։ Չորումի բանտում ապրիլի 27-ին իր մահկանացուն կնքելուց ընդամենը օրեր առաջ՝ ապրիլի 22-ին Չորումի քրեակատարողական վարչությանն ուղարկած իր նամակում Օզչենգիզը գրել էր․
«Կյանքիս պայմաննները ամեն օր ավելի ու ավելի են վատթարանում, ես նույնպես գնալով վատանում եմ։ Հանուն մարդկության պահանջում եմ ինձ տեղափոխել ընդհանուր բանտախուց, որպեսզի ինձանից չխլվի իմ ապրելու իրավունքը, որպեսզի վիճակս լավանա»։ Բանտարկյալը տեղեկացրել էր նաև, որ նա առանց որևէ պատճառի ու պարզաբանման արդեն 14 ամիս մենախցում է պահվում։ Օզչենգիզի գործը դեռևս վճռաբեկ դատարանում էր և դատարանը դեռ նրա ազատազրկման վճիռը վերջնականապես չէր հաստատել։
Իսկ ապրիլի 30-ին Սիլիվրիի բանտի իր մենախցում ինքնասպան է եղել թոշակի անցած բրիգադի գեներալ Զաքի Հասանը, ով ապրիլի 19-ին կալանավորվել էր Արաբական Միացյալ Էմիրությունների օգտին Թուրքիայում լրտեսություն անելու մեղադրանքով։
Ըստ թուրքական օրենքի՝ մենախցում կարող են պահվել միայն ցմահ ազատազրկված, ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը լինելու մեջ մեղադրվող կամ կարգապահական պատիժ կրող բանտարկյալները։ Ընդ որում, ամեն դեպքում բանտարկյալներին մենախցում կարելի է պահել առավելագույնը 20 օր։ Բայց մի շարք թուրք մասնագետներ ու իրավապահներ պնդում են, որ բանտերում մարդկանց մենախուց են ուղարկում կամայականորեն և կան հարյուրավոր դեպքեր, երբ բանտարկյալները ամիսներ շարունակ մեկուսացված են եղել։
Մենախցում գտնվելու ընթացքում ազատազրկված անձանց հարազատները չեն կարողանում տեղեկություններ ստանալ նրանց մասին, նրանք պարբերաբար զրկվում են իրենց փաստաբանների հետ տեսակցելու, սպորտով զբաղվելու, անգամ՝ մաքուր օդ շնչելու, լոգանք ընդունելու և բնական կարիքները հոգալու պես առաջնային ու անվիճելի իրավունքներից։ Հայտնի է, որ ոչ միայն մենախցերում, այլև ընդհանուր խցերում պահվող բանտարկյալները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են բողոքներ հնչեցնում բանտային դաժան պայմանների վերաբերյալ։
Գերմանական «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը հարցումով դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարությանը՝ պարզելու համար, թե քանի բանտարկյալ կա թուրքական բանտերի մենախցերում, վերջին շրջանում քանի բանտարկյալ է մենախցում մահացել, որն էր այդ մահերի պատճառը, արդյոք բանտային պայմանները ազդեցություն ունեն այդ մահվան դեպքերի վրա։
Բայց, չնայած թերթի բազմակի հարցումներին, նախարարությունը այդպես էլ որևէ պատասխան չի տվել ներկայացված հարցերին։ Նմանատիպ հարցում է ուղարկվել նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)՝ մարդու իրավունքների հարցերով պատասխանատու փոխնախագահ Լեյլա Ուսթա Շահինին, սակայն վերջին գերծանրաբեռնվածության պատճառով հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։ Հայտնի է, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը այլ կառույցների ևս մեծ մասամբ մերժում է որևէ տեղեկություն տրամադրել բանտերի ու բանտարկյալների կյանքի պայմանների վերաբերյալ։
Այս հարցով Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից 2014թ․ փետրվարի 21-ին կատարված վերջին հայտարարության համաձայն՝ մենախցերում պահվողների թիվն այդ տարեթվի դրությամբ 1457 էր, որոնցից 126-ը մեղադրվում էին ահաբեկչության հետ կապի մեջ։ Հայտնի է, սակայն, որ մասնավորապես «արտակարգ դրության» ռեժիմի սկզբից՝ 2016թ․ հետո մենախուց ուղարկվողների թիվը երկրում անհամեմատ աճել է։ Չնայած հստակ տեղեկության բացակայությանը՝ իրավապաշտպանները ենթադրում են, որ ողջ երկրում մենախցերում պահվող բանտարկյալների թիվնն այսօր շուրջ 3․000-ի սահմաններում է։
Հավելենք, որ 2018թ․ դրությամբ Թուրքիայում գործող 385 բանտերում ընդհանուր առմամբ 258․660 բանտարկյալ կա։ Մինչդեռ իրականում այդ բանտերը նախատեսված են միայն 111․000 անձի համար։ Մահճակալների հարկերի ավելացման և հատակին անկողիններ փռելու միջոցով այդ թիվը հասցվել է 220․000-ի։ Սակայն իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանում, թե ինչպես են այդ բանտերում տեղավորվում այն մնացած շուրջ 40․000 բանտարկյալները։ Միաժամանակ Թուրքիայի կառավարությունը պարբերաբար հայտարարություններ է անում այն մասին, որ երկրում մեծ արագությամբ շուրջ 100 նոր բանտեր են կառուցվում։

 

Աղբյուր`  ermenihaber.am