Գլխավոր Լուրեր Թուրքիայի բնակչության 99․9 տոկոսը աղտոտված օդ է շնչում

Թուրքիայի բնակչության 99․9 տոկոսը աղտոտված օդ է շնչում

2
0

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունիսի 5-ն ամեն տարի նշվում է որպես շրջակա միջավայրի համաշխարհային օր։ Թուրքիայում գործող «TEMA» հիմնադրամն այս առթիվ անդրադարձել է շրջակա միջավայրի պահպանման հիմնախնդիրներին։
Հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դենիզ Աթաչի խոսքով՝ այս տարի շրջակա միջավայրի համաշխարհային օրը ՄԱԿ-ի օրակարգում կլինի օդի աղտոտվածության հարցը։

Ուսումնասիրությունները վկայում են, որ օդի աղտոտվածությունը լուրջ խնդիր է նաև Թուրքիայի համար։ 2018թ․ 2․595 մարդու մասնակցությամբ Թուրքիայում անցկացված հարցումների ընթացքում հարցվածների 68 տոկոսը պնդել է, որ իր բնակության վայրում օդն ավելի է աղտոտվել՝ այդ հանգամանքը համարելով շրջակա միջավայրի ամենամեծ հիմնախնդիրներից մեկը։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության» չափանիշների հիման վրա կատարված մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայի բնակչության 99․9 տոկոսը աղտոտված օդ է շնչում։ Թուրքիայի նահանգներից ամենաաղտոտված օդ ունեն Քահրամանմարաշը, Մանիսան և Մուղլան, իսկ ամենից մաքուր է  Արդահանի օդը։
2019թ․ մայիսին հրապարակված «Օդի աղտոտվածությունն ու առողջապահական խնդիրները» վերնագրով զեկույցի համաձայն՝ 2017թ․ Թուրքիայում գրանցված մահվան դեպքերի 13 տոկոսի պատճառը եղել է օդի աղտոտվածությունը։
Չնայած դրան՝ Թուրքիայում օրենքով որևէ կերպ սահմանված չէ օդի որակի վրա ազդող հիմանական գործոններից մեկի՝ PM2.5 մասնիկների (Particulate Matter) թույլատրելի չափաքանակի հարցը։ Մինչդեռ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը» համոզված է, որ եթե օդում այդ մասնիկների առավելագույն սահմանաչափը չխախտվի, ապա հնարավոր կլինի կանխել աշխարհի բնակչության յուրաքանչյուր տարիքային խմբում տարեկան 2․1 մլն մարդու վաղաժամ մահը։

 

Աղբյուր`  ermenihaber.am