Գլխավոր Լուրեր Թուրքիայում ներքաղաքական լարվածությունը կարող է մեծանալ

Թուրքիայում ներքաղաքական լարվածությունը կարող է մեծանալ

1
0

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, բնականաբար, գոհացուցիչ չեն կարող լինել նախագահ Էրդողանի և նրա ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» համար։

Հաշվի առնելով այն իրողությունը, որ թուրքական իշխանություններն ունեն ռևանշիստական բնույթ, առաջիկայում չի բացառվում քաղաքական հալածանքների, հետապնդումների և ռեպրեսիաների աճը։

Քաղաքական լարվածություն կարող է առաջացնել նաև այն հանգամանքը, որ թեպետ մեծ քաղաքների քաղաքապետի պաշտոնում ընտրվել են ընդդիմադիր թեկնածուներ, սակայն նահանգների շրջանային խորհուրդներում ԱԶԿ-ն ճնշող մեծամասնություն ունի։ Սա էլ իր հերթին հղի է հետագա անհամաձայնությունների, տեղական ինքնակառավարման ոլորտում անհարթությունների վտանգով։ Մոտավորապես  պատկերացրեք մի իրավիճակ, երբ ասենք  Հայաստանում բոլոր մարզպետները լինեն օրինակ իշխող ուժից, իսկ քաղաքապետերն ու գյուղապետերը լինեն ընդդիմադիր ճամբարից:

Այնուամենայնիվ, Թուրքիայում քաղաքական իշխանությունը շարունակվում է մնալ Էրդողանի և իր կուսակցության ձեռքում և մինչև 2023 թվականը Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության մեջ վճռորոշ կլինի ԱԶԿ-ի ձայնը:

Հայաստանի համար միակ քիչ թե շատ նշանակալի զարգացումը Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում այն էր, որ Հայաստանին սահմանակից Կարս և Իգդիր նահանգներում հաղթեց քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ)։ Կարսում HDP-ստացել է ձայների 29.54, իսկ Իգդիրում 50.07%-ը։

Ինչպես հայտնի է,  Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից շրջանները մշտապես եղել են Ադրբեջանի հատուկ ուշադրության ներքո և բացի ժողովրդագրական նպատակային քաղաքականությունից (տվյալ տարածքներում ադրբեջանցիներ են բնակեցվում), այդ տարածքներում ազգայնականների իշխանություն հաստատելու համար գործադրվել են առանձնահատուկ ջանքեր։ Հայկական շրջանակների հանդեպ համակրանքով տրամադրված քրդամետ քաղաքական ուժի տարած հաղթանակը Կարսում և Իգդիրում թեպետ շատ մեծ փոփոխությունների չի հանգեցնի Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ վարած քաղաքականության տեսանկյունից, բայց երևույթը ինքնին դրական զարգացում կարելի է համարել տեղային առումով, ինչպես նաև այդ շրջաններում հանրային տրամադրությունների առումով:

Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am