Գլխավոր Լուրեր Վաչե Տերտերյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Վաչե Տերտերյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

1
0

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։

Ինչպես  հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարար Տերտերյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել նրան հայ-իտալական միջպետական կապերի ամրապնդման ու երկու երկրների միջև փոխգործակցության խորացման գործում ունեցած ներդրման համար։

Իր հերթին դեսպան Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նկատել, որ իտալական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ եղած գործնական կապերի խորացման հարցում, ինչի ապացույցն է առաջիկայում անցկացվելիք հայ-իտալական գործարար համաժողովը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հունիսի 10-ին Երևանում և հունիսի 11-ին Գյումրիում կայանալիք հայ-իտալական գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու միջոցառումների ծրագրի թեմատիկ տարբերակները։ Համաժողովին կմասնակցեն իտալական 14 կազմակերպություններ, որոնք մասնագիտացված են թափոնների կառավարման, էներգետիկայի, ճանապարհաշինության, քաղաքաշինության, սմարտ քաղաքների տեխնոլոգիաների ոլորտում։