Վանաձորի բնակիչ` 2006 թ. ծնված Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:
Վանաձորում երեխայի որոնողական աշխատանքներն իրականացնում են ոչ միայն ՀՀ ոստիկանության աշխատակիցները, այլեւ կամավորականները, որոնց աշխատանքը համակարգում է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության եւ մշակույթի ղեկավար Գոռ Բադիյանը:
Araratnews.am-ը նրանից տեղեկացավ, որ երեխային փնտրում են նաև անօդաչու սարքերով քաղաքի տարբեր տարածքներում, անտառամերձ տարածքներում:
Մեր դիտարկմանը, թե Հայաստանում շատ են տեսանկարահանող սարքերը, սակայն արդեն երկրորդ դեպքն է, երբ կորչում է աուտիզմով երեխա ու չի հայտնաբերվում, պաշտոնյան ասաց՝ այդ մասին չի մտածել: «Ամբողջ ուշադրությունս սեւեռված է որոնողական աշխատանքների վրա: Հետեւությունները կանենք հետո»,- ասաց քաղաքապետարանի աշխատակիցը:
Գոռ Բադիյանը հիշեցրեց՝ երեխան արդեն երկրորդ անգամ է տանից գնում: «Չենք բացառում, որ երեխան գուցե անտառամերձ տարածքում եղած լինի, քանի որ նրանց տունն անտառին մոտ է, այդտեղ հաճախ են երեխային զբոսանքի տարել»,- ենթադրեց քաղաքապետարանի աշխատակազմի կրթության եւ մշակույթի ղեկավարը:
Ի դեպ, պաշտոնյայի խոսքով՝ կասկածներ չկան, որ ընտանիքում եղած խնդիրների, վատ վերաբերմունքի պատճառով է երեխան տնից գնացել, քանի որ երեխայի ընտանիքի անդամները միացել են որոնողական աշխատանքներին:
Սոնա Դավթյան