Գլխավոր Լուրեր Վարազդատ Կարապետյանը՝ խմբակցությունը լքելու եւ ընդդիմություն լինելու մասին

Վարազդատ Կարապետյանը՝ խմբակցությունը լքելու եւ ընդդիմություն լինելու մասին

17
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն  Խառատյանը «Ֆեյսբուքում»  առաջարկել է Ամուլսարի հանքին դեմ եղող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին դուրս գալ խմբակցությունից եւ կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել:

Հանքի շահագործմանը դեմ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Araratnews.am-ը  պատգամավորին հարցրեց՝ համամի՞տ է Խառատյանի առաջարկին: «Ես այդ թեմայով դեռ չեմ մտածել»,- պատասխանեց  օրենսդիր մարմնի անդամը:

Խմբակցությունից դուրս գալու առաջարկներին Վարազդատ Կարապետյանը բացասական է վերաբերվում: Կարծում է՝ խմբակցությունում բազմակարծություն պետք է լինի:

Ինչպե՞ս է Վարազդատ Կարապետյանը աշխատելու իշխող «Իմ քայլը» խմբակցությունում, եթե ունի իշխանությունից տարբեր դիրքորոշում: «Կքննարկենք, կտեսնենք: Աշխարհում շատ կան խմբակցություններ, որտեղ տարբեր կարծիքներ կան հարցերի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանն էլ առաջարկել է  հանքի շահագործմանը դեմ  պատգամավորներին  ընդդիմադիր բեւեռ ստեղծել: «Դրա մասին չեմ մտածել: Համագործակցության մեր ֆորմատը  «Իմ քայլը» խմբակցությունում թույլ է  տալիս իմ դիրքորոշումը պաշտպանել: Եթե կլինեն որոշ զարգացումներ, խմբակցությունը չի ցանկանա ինձ հետ աշխատել, կմտածենք ու կքննարկենք»,- ավարտեց իր խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Սոնա Դավթյան