Գլխավոր Լուրեր Վարչապետը պարզաբանում է պահանջել «Նաիրիտ»-ի խնդրի վերաբերյալ

Վարչապետը պարզաբանում է պահանջել «Նաիրիտ»-ի խնդրի վերաբերյալ

1
0

55433

Կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին պարզաբանումներ տալ «Նաիրիտ» ընկերության աշխատակիցների խնդրի հետ կապված:

Նշենք, որ բավական երկար ժամանակ է, ինչ ընկերության աշխատակիցները թե կառավարության շենքի, թե նախագահական նստավայրի դիմաց պահանջում են իրենց՝ ավելի քան 18 ամսվա չվճարված աշխատավարձերը:

«Պիտի արձանագրենք, որ մենք ինչ խոստացել ենք՝ կատարել ենք մեր խոստումները: Ես ուզում եմ, որ բոլորը տեղյակ լինեն ու փողոցային խոսակցություններին տեղի չտան: Մեր վերջին հանդիպման ժամանակ ես իրենց ասել եմ, մեր պայմանավորվածությունը եղել է, որ մինչև տարվա վերջ վճարելու ենք ամեն ամսվա աշխատավարձերը, մեկ անգամ էլ լրացուցիչ, իրենց խնդրանքով վճարել ենք փետրվար ամսին: Եվ եղել է մեր պայմանավորվածությունը, որ այլևս մեզ չդիմեն, գնան, իրենք բաժնետերեր ունեն, խորհուրդ ունեն ու այնտեղ որոշեն, սա կառավարության պարտքը չէ: Մենք իրենց վատ ու անփույթ աշխատանքի արդյունքում կառավարության վրա լուրջ բեռ ենք ավելացնում»,- ասաց վարչապետը, ապա հավելեց, որ այս ծանր տնտեսական պայմաններում այդպիսի բեռ վերցնելն անընդունելի է:

Երվանդ Զախարյանն ասաց, որ վերջին երկու ամսվա ընթացքում ընկերությունում կրճատումներ են եղել, և իրենք խոստացել են, որ այն աշխատակիցները, ովքեր կմնան, նրանց ամեն ամիս վճարեն իրենց աշխատավարձերը: Մնացած աշխատակիցների վերաբերյալ նա ասաց, որ այն, ինչ նախագահի կողմից հանձնարարվել է՝ կատարվել է. մինչև հունվար ամսվա աշխատավարձերը վճարվել են: Նախարարը շեշտեց, որ գործարանում կան գույքեր, որ նույնիսկ Նաիրիտի գործարկման ժամանակ անհրաժեշտ չեն լինելու, և այդ գույքի վաճառքի վերաբերյալ որոշակի շարժ, հավանաբար, մոտ օրերս կլինի:

«Նախարարությունն ամեն ինչ անում է ընկերության կառավարման խորհրդի հետ միասին, որ երեքշաբթի հանդիպում է եղել ակտիվիստների խմբի հետ ու հայտարարվել է, որ աշխատավարձի պարտքը կփակվի գույքի վաճառքից սպասվող գումարների հաշվին: Իրենց խնդրանքն է, որ կառավարությունը որոշակի վճարումներ անի, մինչև գույքի վաճառքը կլինի»:

Հովիկ Աբրահամյանը նախ ասաց, որ ընկերության վերագործարկումը կլինի միայն այն դեպքում, երբ հասկանանա, որ դա արդյուանվետ է, ոչ թե նախկինի նման անշահավետ լինի, ապա կրկին անդրադարձավ քաղաքացիների խնդրանքին.

«Բայց հիմա էներգետիկ համակարգի պրոբլեմներն են մեծ: Դուք ձեր այսօրվա գործող պրոբլեմները լուծեք, հետո նոր… Այսօր ձեր համակարգում, իհարկե ոչ ձեր պատճառով, կան մեծ պրոբլեմներ, այդ ճահիճը պետք է վերացնենք, հասկանանք՝ ոնց ենք վերացնելու, հիմա դուք ուզում եք նորից բեռ վերցնել: Մենք ահագին բեռ ենք վերցրել. ամեն ամիս, ինչ նոր կառավարությունը ձևավորվել է, մոտ 400 միլիոնի չափ աշխատավարձ ենք վճարել լրացուցիչ: Մենք դրա պարտավորությունը չունենք»,-շեշտեց Հովիկ Աբրահամյանը: