Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Վայոց ձորում բացվեց գինու ուղին

    Վայոց ձորում բացվեց գինու ուղին

    Վայոց ձորում բացվեց գինու ուղին
    Օգոստոս 10, 2018 11:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օգոստոսի 9-ին «Իմ Հայաստան» ծրագրի կողմից մեկնարկեց Վայոց ձորի գինու ուղին: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ծրագրի մասնագետների և մարզի հինգ գինեգործների` Հին Կամուրջ, Տրինիտի Կանյոն Այգիներ, Գետնատուն, Արենի և Հին Արենի համատեղ մտահղացմամբ և ջանքերով` 2016 թվականին Վրաստանում Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովին մասնակցության արդյունքում։ Միջոցառմանը ներկայացվեց գինու ուղու նոր վեբկայքը (vayotsdzorwineroute.com) և բրոշուրը, որոնք ներառում են տեղեկատվություն մասնակից գինեգործարանների և Վայոց ձորի զբոսաշրջային փորձառությունների վերաբերյալ:

    Խաղողագործության և գինեգործության հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանը այսօր նախադրյալներ ունի ավանդական գինեգործության հետ մեկտեղ նոր գործարար մշակույթ զարգացնել` գինու զբոսաշրջություն: Գինեգործության հարուստ ավանդույթներով լի Վայոց ձորի մարզում գինու ուղու ստեղծման հիմնական նպատակն է ներկայացնել հայկական գինին այցելուներին և խթանել զբոսաշրջությունը մարզում և տարածաշրջանում` նպաստելով մարզի տնտեսկան կայուն զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։

    Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը, «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը, ինչպես նաև Վայոց ձորի գինու ուղու անդամ գինեգործները:

    «Վրաստան կատարած ուսուցողական այցի ժամանակ, որը կազմակերպել էր «Իմ Հայաստան» ծրագիրը, մի խումբ հայ գիներգործներ եկան այն մտքին, որ գինեգործության իրենց հազարամյա ավանդույթները կարող են շահավետ բիզնես դառնալ, ինչը և ոգեշնչեց մեզ ստեղծել հայկական գինու ուղին: «Իմ Հայաստան»-ի աջակցությամբ Վայոց ձորի հինգ գինեգործներ սովորեցին ինչպես սկսել գինու զբոսաշրջության բիզնես և լինել մրցակցային: Նրանք վերապատրաստել են իրենց զբոսավարներին, ստեղծել մարքեթինգային նյութեր` ներառյալ բրոշուրներ, գովազդային տեսահոլովակներ, գինու շշի գրավիչ պիտակներ: «Ուան Արմենիա»-ի հետ համագործակցությամբ ստեղծվել է գինու քարտեզ: Մշակման փուլում են նաև ճանապարհային ուղեցույցներն ու վահանակները, որոնք շուտով կտեղադրվեն Վայոց ձորի ճանապարհներին: Վստահ եմ, որ զարգանալով, գինու ուղին կներառի նաև Հայաստանի այլ մարզեր, որոնք զբաղվում են գինեգործությամբ»,- նշեց տիկին Գրիսերը:

    «Իմ Հայաստան» ծրագիրը շարունակաբար աջակցում է մշակութային ժառանգության վրա հիմնված զբոսաշրջային ծառայությունների ստեղծմանն ու զարգացմանը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է Վայոց ձորը։ Վայոց ձորի գինու ուղին յուրօրինակ փորձ է այցելուների համար՝ այցելելու մեծ և փոքր գինեգործարաններ, համտեսելու հայկական գինին՝ տարածաշրջանի գինեգործության պատմության ուղեկցությամբ։ Մեր նպատակն է մարզը դարձնել գրավիչ, որպեսզի կամաց-կամաց ավելանա այցելուների քանակը, զարգանա զբոսաշրջային ծառայություններն ու առևտուրը, այսպիսով ստեղծելով կայուն եկամտի հնարավորություն մարզաբնակ տաղանդավոր մարդկանց համար, – ասաց «Իմ Հայաստան» ծրագրի տնօրեն Սիսակ Մխիթարյանը։

    «Հին Կամուրջ» գինու գործարանի և համտեսի սրահի ներկայացուցիչ Աշոտ Խալաթյանն իր հերթին նշեց. «Հայաստանում գինու ուղու հիմնումը ոչ միայն ավելի շատ հաճախորդներ կգրավի դեպի մեր մարզ, այլև մի մեծ հնարավորություն կընձեռի բոլորիս ներկայացնելու գինեգործության պատմությունն ամբողջական տեսքով։ Այսուհետ, միասնական ուժերով հյուրերին կներկայացնենք հնագույն և ժամանակակից գինու պատրաստման մեթոդները, հայկական գինիների տեսակները, ընտանեկան և մեծ գործարանների գինեգործության տարբերություններն ու նմանությունները։»

    Գինու ուղու հանրային մեկնարկի նախօրեին «Իմ Հայաստան» ծրագիրը լրատվամիջոցների համար կազմակերպել էր մեդիա այց Վայոց ձոր։ Ութ լրատվամիջոցի ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան այցելել գինու ուղու մեջ ներգրավված հինգ գինեգործարանները, նկարահանել տեղանքը, զրուցել գինեգործների հետ։

     

    ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

    «Իմ Հայաստան»-ը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող մշակութային տուրիզմի ծրագիր է: Այն միտված է խթանելու տնտեսական ներառական աճի հնարավորությունները Հայաստանի գյուղական համայնքներում` մշակութային ժառանգության զբոսաշրջության կայուն ոլորտ զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, և մարզային բնակիչներին իրենց համայնքներում ապրելու և աշխատելու հնարավորություն ընձեռելու միջոցով:

    facebook.com/MyArmeniaProgram

    myarmenia.si.edu

    Նման թեմաներ

    scroll to top