Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » editorial » Վերադարձ անցյալին չկա. Դավիթ Բաբայանը՝ Դավիթ Շահնազարյանին

    Վերադարձ անցյալին չկա. Դավիթ Բաբայանը՝ Դավիթ Շահնազարյանին

    Վերադարձ անցյալին չկա. Դավիթ Բաբայանը՝ Դավիթ Շահնազարյանին
    Դեկտեմբեր 5, 2018 15:54 editorial, Արցախ, Լուրեր A+ / A-

    ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համար, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանին այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հրավիրել է բացատրություն տալու՝ Արցախի խնդրի մասին երեկվա նրա հայտարարությունից հետո:

    Երևան Տոնավաճառ

    Դավիթ Շահնազարյանն այսօր ասուլիս է տվել եւ հայտարարել՝ չի գնալու ԱԱԾ: Թող իրեն ձերբակալեն ու կալանավորեն:

    Շահնազարյանը պնդել է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը ցանկանում է Արցախի խնդիրը լուծել տարածքներ՝ կարգավիճակի դիմաց սկզբունքով: «Ամեն մի քվեն «Իմ քայլը» դաշինքին կրակոց է Արցախի վրա»:

    Ինչպե՞ս է արձագանքում Արցախի իշխանությունը Դավիթ Շահնազարյանի այս հայտարարությանը: «Դա Հայաստանի  ներքաղաքական կյանքն է: Մենք հատկապես ընտրական շրջանում, առավելեւս շահարկումների ներքո չենք ուզում խառնվել, քանի որ դա ճիշտ չէ»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

    Դավիթ Բաբայանը հիշեցրեց՝ Արցախի խնդիրը հայոց պետականության առաջ կանգնած խնդիր է, այդ խնդրից է կախված հայոց պետականության ապագան:

    Արդյոք Արցախի խնդիրը «Իմ քայլը» դաշինքը ցանկանում է լուծել տարածքներ՝ կարգավիճակի դիմաց սկզբունքո՞վ: «Տարբեր մոտեցումներ են եղել Արցախի հակամարտության կարգավորման ժամանակ՝ սկսած 1994-ից: Դրանցից մեկը տեսականորեն եղել է  տարածքներ՝ կարգավիճակի դիմաց  սկզբունքը: Սակայն եթե անգամ քաղաքական որոշ գործիչներ ժամանակին քննարկում էին տարբեր պատճառներով, խոր պատկերացում չունեին անվտանգության համակարգի մասին, մտածում էին՝ սա կարգավորման մի ձեւ է: Սակայն կյանքը ցույց տվեց՝ սա չի կարող լինել գործնական՝ վերադարձ անցյալին չի կարող լինել: Արցախը չի կարող լինել անկլավային, քանի որ Ադրբեջանն անմիջապես  կոչնչացնի, իսկ դա կբերի հայոց պետականության ոչնչացմանը»,- պատասխանեց  Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

    Դավիթ Շահնազարյանը մանրամասներ է ներկայացրել նաև 1993-1994 թթ. Օմարի լեռնանցքի մարտական գործողությունից, ասելով, որ Սասուն Միքայելյանը՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը, լքել է դիրքերը: Դավիթ Շահնազարյանը  հայտարարել է՝ այլ ապացույցներ էլ ունի եւ կարող է շատ բան հրապարակել:

    Արցախի նախագահի մամուլի խոսնակին հարցրինք՝ մարտավարական առումով արդյոք ճի՞շտ է մանրամասներ հրապարակել Արցախյան ազատամարտից: «Չեմ ուզում մեկնաբանել, քանի որ դա ներքաղաքական  հայտարարություն է: Ամեն մի ուժ ինքն է որոշում՝ ի՛նչ հայտարարել: Պարզապես կրկին ուզում եմ շեշտել՝ արցախյան հիմնախնդիրն ամենակարևոր հարցերից է: Այդ հաղթանակը կերտել ենք միասին՝ մայր Հայաստանի, սփյուռքի հետ: Աստված չանի, Արցախը կործանվի, հետեւանքները կլինեն ողջ հայության համար»,- ավարտեց իր խոսքը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top