Գլխավոր Լուրեր Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանին ձերբակալելու մասին

Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանին ձերբակալելու մասին

24
0

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Նա ասաց, որ  բողոքի ակցիաներն անցկացնում են փողոցի երթեւեկելի հատվածներում` տեղաշարժն արգելելով: «Ես աղոթում եմ, որ որեւէ մեկը ոտքը գազին չսեղմի: Առաջին մակարդակն այն է, որ եթե ծնողը իր երեխային բերում է դպրոց, իրավունք ունի ակնկալել, որ դասերից հետո իր երեխային տանի տուն, ոչ թե ընկնի ման գա, թե երեխան որտեղ է հայտնվել: Երկրորդ մակարդակը բարոյական, գաղափարական մակարդակն է` երեխաներին բեմահարթակ են հանում, որը զուգահեռներ է անցկացնում միտինգի առաջնորդի եւ Մոնթե Մելքոնյանի միջեւ: Ո՛չ գիտի Մոնթե Մելքոնյանին, ո՛չ էլ լիարժեք կարող է գնահատել միտինգի առաջնորդին: Կամ ոստիկան-միլիցա զուգահեռներ է անում երեխան, որն անթույլատրելի է, պատիվ չի բերում»,- ասաց  պաշտպանության նախարարը:

Հարցին, թե  մտահոգվա՞ծ չէ, որ  բանակ զորակոչվեն երիտասարդներ, որոնք  քաղաքացիական  անհնազանդության են մասնակցել, Վիգեն Սարգսյանը բացասական պատասխանեց՝ մտահոգված չէ, քանի որ քաղաքացիական անհնազանդությունը քաղաքացիական դաստիարակության մի մաս է,  այլ հարց է, թե գին է վճարվում դրա դիմաց:

Պաշտպանության նախարարի խոսքով՝   պետությունը չի կարողանում  հաղորդակցվել միտինգին մասնակցող երիտասարդ ցուցարարների հետ. «Այդ տարիքի մեր քաղաքացիները թերթեր չեն կարդում, հեռուստատեսություն չեն նայում, հիմնականում  ինտերնետից են օգտվում: Պետությունը պետք է սովորի, թե ինչպես հաղորդակցվի այդ  ցուցարարների հետ»:

Հարց հնչեց նաև, թե ինչպես է արձագանքում Վիգեն Սարգսյանը՝ որպես ՀՀԿ  գործադիր մարմնի անդամ, երբ ոստիկանները բռնություն են կիրառում լրագրողների նկատմամբ, անգործություն են դրսեւորում, երբ բռնություն են կիրառում ցուցարարների, լրագրողների հանդեպ, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ձերբակալում են, ու մինչ այսօր ոչ ոք չգիտի, թե  նա որտեղ է. «Ես կարծում եմ, որ խորհրդարանական ժողովրդավարության համար լավ չէ, որ ազատ կամարտահայտությունը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության ներկայացուցիչների հետ, եւ  իրավապահներն են  ներգրավվում այս ամենին: Ժամանակի հարց է, խորհրդարանական  խմբակցությունը տարբերվի փողոցում պայքարող քաղաքական ուժից»:

Անդրադառնալով Փաշինյանին բերման ենթարկելուն՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ լավ կլինի, որ իրավապահները պարզաբանեն: «Եթե դիմեք նրանց տեղեկատվություն ստանալու` չեն մերժի»,- ասաց գործադիր մարմնի անդամը:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ոստիկանության գործողությունները մասսայական հավաքի ժամանակ այլ երկրներում կարող են ուժի կիրառման եզրին գտնվել. «Եթե կա սխալմունք, պետք է անդրադառնան: Հայկական ոստիկանությունն օգտագործում է այն  գործիքակազմը, որը կա այլ երկրներում»: