Գլխավոր Լուրեր Ում մեղքով էր Շառլ Ազնավուրի ծննդյան տարեթիվը սխալ գրվել. պարզաբանում

Ում մեղքով էր Շառլ Ազնավուրի ծննդյան տարեթիվը սխալ գրվել. պարզաբանում

19
0

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ ներկայացվեց Հայաստանի մասին պատմող տեսանյութ, որում մեծն շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեթիվը սխալ էր գրված՝ 1924-ի փոխարեն՝ 1914:

Araratnews.am-ը պարզաբանման նպատակով դիմեց Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Ի պատասխան ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը մեզ ասաց. «Ֆրանսիական ընկերություն էր ներգրավված այս աշխատանքներում՝ ներսի դեկորներում և բեմի հետ կապված, դա եղել է նրանց վրիպակը, ինչի համար նրանք ներողություն են խնդրել մեզնից, և համապատասխան քայլերը կձեռնարկվեն»:

Մեր հարցին՝ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, ԱԳՆ գլխավոր քարտուղարը պատասխանեց, որ կասեն, երբ ժամանակը գա:

«Դա նրանք վերջին վայրկյանին են բերել, դրել, դա մեզ համար էլ էր անակնկալ, որովհետև մենք ամեն միլիմետրով ստուգել էինք, թե ինչ պետք է լինի բացման արարողությանն ընդհանրապես: Իսկ բացման արարողությանը հսկայական աշխատանք է կատարված, և միլիմետրով մենք նստել, նայել ենք: Այդ ժամանակ Ազնավուրը դեռ ողջ էր և պատրաստվում էր Հայաստան գալ, հետո դեպքը եղավ, և նրանք էլ որոշեցին այսպիսի քայլ անել, ինչի մասին մեզ տեղյակ չէին պահել, և տեսանք այն, ինչ տեսանք», — նշեց Վահագն Մելիքյանը: