Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Որ հիվանդությունների դեպքում չեն կարող աշխատել մանկավարժ կամ դիվանագետ. ինչու հարցը հանվեց օրակարգից

    Որ հիվանդությունների դեպքում չեն կարող աշխատել մանկավարժ կամ դիվանագետ. ինչու հարցը հանվեց օրակարգից

    Որ հիվանդությունների դեպքում չեն կարող աշխատել մանկավարժ կամ դիվանագետ. ինչու հարցը հանվեց օրակարգից
    Հոկտեմբեր 10, 2018 12:50 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց և օրակարգից հանվեց այն հիվանդությունների ցանկը, որոնք կարող են խոչընդոտել մանկավարժական և վարչական պաշտոնում պաշտոնավարմանը:

    Հարցը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նշելով. «Ըստ էության, նման սահմանափակում եղել է 2002 թվականից, մենք պարզապես ցանկը նորից ենք հաստատում: Դժգոհությունները վերաբերում էին այդ ցանկում ներառված որոշ հիվանդությունների, թե ինչու պետք է, կոնկրետ օրինակ՝ տրամադրության աֆեկտիվ խանգարումները խոչընդոտեն մանկավարժական կամ այլ հաստիքներում աշխատելու համար: Ուզում եմ պարզաբանել, որ նման դեպքերում մարդիկ հաշվառման են կանգնում համապատասխան հաստատությունում, ու եթե կարծում են, որ իրենց մոտ այլևս չկա այդ խանգարումը, իրենք կարող են կրկնակի փարձաքննություն անցնել և հաշվառումից հանվել, հետևաբար այլևս խոչընդոտ չի լինի նրանց` նման գործունեությամբ զբաղվելու համար»:

    Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ ավելացրեց, որ մեկ խնդիր ևս կա՝ լսողության և տեսողության խանգարումներ ունեցող հիվանդությունների վերաբերյալ, և խնդրեց նախարարի պարզաբանումը:

    «Նման սահմանափակումը միայն դիվանագիտական ծառայության պաշտոնների դեպքում է, կարծում եմ՝ պետք է համապատասխան գերատեսչությունն ինքը որոշի՝ արդյոք նման սահմանափակումներով անձինք կարո՞ղ են այդ գործունեությունը ծավալել, թե՞ ոչ: Եթե կորոշվի, որ կարող են, մենք կարող ենք փոփոխություններ մտցնել, բայց այս ցանկը եղել է, գործել է, ու օբյեկտիվություն կա դրա մեջ», – նշեց նախարարը:

    ՀՀ արդարադատության նախարարն էլ խնդրեց պարզաբանել՝ այս հիվանդություններից մեկով տառապելու դեպքում մարդն իրավունք ունի՞ դիմելու և ընդունվելու համապատասխան բուհ, որի արդյունքում ստանալու է դիպլոմ, մասնագիտություն և հավանականություն կա, որ կաշխատի հանրային ծառայող, մանկավարժ կամ դիվանագետ:

    Թորոսյանը պատասխանեց, որ որոշումը վերաբերում է միայն աշխատանքի սահմանափակումներին և ոչ թե ուսումնական հաստատություններում սովորելուն:

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Բայց եթե անձը որակավորում ունի, հետո իրեն ասում են՝ չէ՛, չե՛ս կարող աշխատել, ինչպե՞ս է լինում: Կարծում եմ, որ այդ կարծրացած մոտեցումները պետք է որոշակիորեն փոխենք և մի փոքր այլ մոտեցում ցուցաբերենք»:

    Վարչապետն առաջարկեց հարցը հանել օրակարգից և այն քննարկել շահառու խմբի հետ:

    Նման թեմաներ

    scroll to top