Գլխավոր Լուրեր Որևէ հանցագործ բարոյախրատական ճառերով չի զսպվում

Որևէ հանցագործ բարոյախրատական ճառերով չի զսպվում

1
0

Մայիսի 20-ին դատարանների մուտքերը և ելքերն արգելափակելու կոչից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ, դրանցից առանցքային էր Արցախում որոշ ուժերի կողմից դավադրություններ կազմակերպելը և անգամ հողեր հանձնելը՝ բարդելով Հայաստանի իշխանությունների վրա։ Այս մասին Araratnews.am-ը զրուցեց քաղաքագետ Արա Պապյանի հետ։

Պարո՛ն Պապյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի վերջին հայտարարությունն Արցախում դավադրություն կազմակերպելու վերաբերյալ, արդյոք նորությո՞ւն է այս ամենը։

Ուրեմն, Արցախում կան ուժեր, հիմնականում դա վերնախավի որոշ ներկայացուցիչներ են, ես չէի ասի բոլորը, ովքեր հանուն իրենց իշխանությունը պահելու և հանուն այն բանի, որ իրենց արածների համար չպատժվեն, պատրաստ են ամեն ինչի, այդ թվում նաև՝ Նիկոլ Փաշինյանի նշած գործողություններին։ Ի դեպ, ես դրա մասին տեղյակ էի մինչև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Արցախում մենք մեր աղբյուրներն ունենք, որոնք մեզ հաղորդում են այդ իրականությունը։ Հետևաբար ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ուզում  է ուղղել իր սխալը, որն արեց անցյալ տարվա մայիսին, երբ իջավ Արցախ և չառաջարկեց տեղի իշխանությանը հրաժարական տալ։ Չի կարող երկրի մի մասում տեղի ունենալ հեղափոխական գործողություններ «Մերժիր Սերժին» կարգախոսով, իսկ Արցախում մնան նախկին սերժականներն ու քոչարյանականները։ Դա հնարավոր չէ։

Այս ամենին զուգահեռ Ադրբեջանում անցկացվում են լայնամասշտաբ զորավարժություններ, 10 հազար զորքով, զրահատեխնիկայով։ Եվ այս անգամ Շուշին գրավելու կոչեր, Հայաստան-Արցախ այս ներքին կոնֆլիկտից արդյոք նրանք չե՞ն օգտվում։

Նոր չէ, որ Ադրբեջանը սպառնում է Շուշին, մինչև իսկ Էրիվանը գրավել, և դա բնավ կապ չունի հայաստանյան ներքին իրադարձությունների հետ։ Կարծում եմ՝ այդ ակտիվացումը մեզ ևս պիտի ակտիվացնի։ Հետևաբար Արցախում հնարավորինս արագ այդ փոփոխությունները պիտի արվեն, և չպետք է սպասենք մինչև 2020 թ․, ոնց եղել է նախնական պայմանավորվածությունը։ Ռազմաճակատային գիծը պիտի լինի ամենամաքուրը՝ թալանչիներից, գանձագողերից, պաշտոնը չարաշահողներից։

Իսկ ինչպե՞ս անել այդ փոփոխությունները, չմոռանանք, որ Արցախը պատերազմական գոտի է, և ներքին խժդժությունները Ադրբեջանին շատ ձեռնտու են։

Պիտի արագ արվի, տեղում պետք է գործեն խիստ օրենքներ։ Պատերազմական գոտում չեն կարող թալանչիներ լինել։ Չէ՞ որ 2016 թ․ քառօրյան ցույց տվեց, որ բանակը նույնպիսի ջանասիրությամբ է թալանվել, ինչպես քաղաքացիական ոլորտը։ Եվ որևէ մեկը, ցավոք, պատասխանատվություն չկրեց։ Այ, եթե էն ժամանակ 10 գեներալ հայտնվեր ճաղավանդակի հետևում, այլևս չէր կրկնվի։ Երևանում կարող են թալանչիներ լինել, որովհետև նրանց թալանածը ասֆալտը կամ շինարարության քարը պետք է լինի, իսկ Արցախում ամեն ինչը անվտանգության հետ կապ ունի, և ՛ թալանչիները, և՛ իրենց իշխանությունն ամեն գնով պահողները ռազմաճակատային օրենքով պիտի պատժվեն։

Հենց նույն օրը Փաշինյանը նաև հայտարարեց ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, ինչո՞ւ հիմա և ոչ մեկ տարի առաջ։

Կա հայտարարություն, կյանքը ցույց կտա՝ կստեղծվի՞ այդ հանձնաժողովը, թե՞ ոչ։ Դա պիտի արվեր վաղուց։ Դա դեռևս 2016-ին Սերժ Սարգսյանը պիտի աներ, բայց չարեց։ Փաշինյանը պիտի անմիջապես հեղափոխությունից հետո աներ, բայց լավ է ուշ, քան երբեք։ Ապրիլյան պատերազմի հանգամանքները պետք է քննվեն երկու պատճառով՝ առաջինը, որպեսզի ապագայում չկրկնվեն, և մենք դասեր քաղենք այդ իրադարձություններից, մյուսը՝ պետք է մեղավորները պատժվեն։ Ոչինչ չի խրախուսում հանցագործին, որքան անպատիժ մնալը։ Հանցագործությունները կանխվում են միայն պատժի անխուսափելիության զգացողությունից։ Որևէ հանցագործ բարոյախրատական ճառերով չի զսպվում։ Աշխարհը փորձ ունի, ի վերջո։ Որևէ երկրում բանակից գողություն կատարած մարդուն միայն պաշտոնանկ չեն անում, պատժում են ռազմական օրենքով։