Գլխավոր Լուրեր Որսորդները կարող են միմյանց կրակել. ինչո՞ւ է սահմանափակվել լորի որսը

Որսորդները կարող են միմյանց կրակել. ինչո՞ւ է սահմանափակվել լորի որսը

3
0

Araratnews.am-ի խմբագրություն էր զանգահարել մի քանի որսորդ, որոնք դժգոհում էին բնապահպանության նախարարության  որոշումից: Համաձայն որոշման՝ լորի որսը սահմանափակել են, լիցենզիայի գինը՝ բարձրացրել 5-15.000 դրամ դարձնելով: «Ինչպես կարող ենք շաբաթը մեկ անգամ որս անել, եթե լորը Հայաստանում մնում է մոտավորապես 25 օր, ապա թռչում Թուրքիա»,- դժգոհում էին որսորդները:

Որսորդների մյուս բողոքը վերաբերում է որսահանդակների քչությանը: Լորը լինում է հացահատիկային ցանքատարածությունում, իսկ Հայաստանում դրանք սակավ են: «Կա վտանգ, որ որսորդության օրերի  սահմանափակման, ցորենի արտերի քչության պատճառով  որսորդները, հավաքվելով իրար գլխի, կարող են միմյանց կրակել»,- ասաց մեզ որսորդներից մեկը:

Պարզաբանում լսելու համար զանգահարեցինք Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների  կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սեւակ Բալոյանին: Նա  ասաց, որ որսորդության օրերն են չորեքշաբթի, շաբաթ, կիրակի, այսինքն՝ որոշել են 3, ոչ թե 1 օր եւ տոնական ոչ աշխատանքային օրերին կարող են որսորդությամբ զբաղվել: «Այս որոշմանը հանգել ենք նախարարությունում բազմաթիվ քննարկումներից հետո: Իսկ որսի թույլտվության գումարը  դարձել է  ոչ թե 15.000, այլ 17040 դրամ: Գումարը վճարում են սիրողական որսի սեզոնային կտրոնների համար, որոնցով կարող են որսալ մի քանի կենդանատեսակ՝ աղավնի, լոր, քարակաքավ, ջրլօղ թռչուններ: Այդ գումարը ձեւավորվել է կենդանիների բնօգտագործման վճարից, որը սահմանել է հարկային օրենսգրքի 208 հոդվածը: Այսինքն՝  որսորդության  թույլտվության վճարի բարձրացման մասին խոսք չկա»,- մանրամասնեց պաշտոնյան:

Սեւակ Բալոյանը հիշեցրեց՝ նախկինում որսորդության թույլտվության  վճարն այլ սկզբունքով էր ձեւավորվել՝ եղել է միջինացված գումար (որսորդը քանի անգամ է որսի գնում), որը բնօգտագործման վճարը չի ներառել:

Պաշտոնյան կարծում է, որ ցանկացած կենդանու գինը շատ բարձր պետք է լինի, քան նախատեսված է հիմա: «Դա իմ կարծիքն է: Նախկինում, երբ վճարում էին  որսի կտրոնի համար 8000 դրամ, դա իր մեջ չէր ներառում կաքավ տեսակը: Դրա համար էլ առանձին  8000 դրամնէին վճարում: Իսկ հիմա 17040 դրամ վճարում են, ձեռք բերում կտրոն, որն իր մեջ ներառում է սահմանված թռչնատեսակները»,- տեղեկացրեց նախարարության աշխատակիցը:

Իսկ լորի որսի սիրահարների համար  նախարարությունը սահմանել է առանձին կտրոն 6000 դրամով:

Ինչ վերաբերում է որսորդության հստակ օրեր սահմանելուն, որսահանդակների քչությանը,  պաշտոնյան  համաձայն է որսորդների այս դժգոհությանը: Բայց հիշեցնում է՝ սա փոխզիջումային որոշում է: «Տեսչական  մարմինը, ոստիկանությունը չունեն մարդկային բավարար ռեսուրս, որ շաբաթվա 7 օրն էլ  վերահսկողություն իրականացնեն, ընտրվեցին շաբաթ եւ կիրակի օրերը, որ մյուս օրերին ցանկացած կրակոց  համարվի ապօրինի որսորդություն: Չորեքաշթբի օրն էլ ընտրվել է  որսորդների, որսորդմիությունների հետ քննարկումից հետո: Մենք գիտակցում ենք, որ նեղություն ենք տալիս, սահմանափակումներ ենք մտցնում, բայց այս տարի այսպես որոշվեց՝ հաշվի առնելով որսի եւ որսորդության մասին օրենքի բացը, տեսչական մարմնի հնարավորությունը,: Որսահանդակների սահմանների ճշգրտման խնդիր եւս կա: Հուսանք՝ մինչեւ եկող տարվա որսաշրջանի բացումը այդ հարցն էլ լուծված կլինի»,- ավարտեց իր խոսքը Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների  կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սեւակ Բալոյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա որսաշրջանը սկսվում է  օգոստոսի 24-ին եւ վերջանում 2020 թ-ի փետրվարի 29-ին: Որսի թույլտվության համար  որսորդները պետք է դիմեն որսորդական միություններին, որոնց հետ նախարարությունը  պայմանագիր է  կնքում: Դրանց հիման վրա էլ  կտրոն է ձեւավորում եւ բաժանվում որսորդներին:

Սոնա Դավթյան