Գլխավոր Լուրեր «Ոսկե Ծիրանը» ստացել է 740 ֆիլմ

«Ոսկե Ծիրանը» ստացել է 740 ֆիլմ

3
0

Երևանի  «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է ավելի քան 740 ֆիլմեր, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից: Այս մասին մայիսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը:

«Eventival կայքի միջոցով ստացել ենք 740 ֆիլմ, ընտրվել են նաև ֆիլմեր Ռոտերդամի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Այնպես որ՝ հանձնաժողովն այս պահին դիտարկում է ավելի քան 740 կինոնկար: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (որը ներառում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է տարածաշրջանային համայնապատկեր մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են, դրանք են՝ Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ, Հարգանքի տուրք: Ընդ որում՝ նշեմ, որ Երևանյան պրեմիերաներ ծրագիրը ներառելու է նաև հայկական ֆիլմեր»,-իր խոսքում նշեց Հասմիկ Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնային մի շարք ծրագրերի հայտեր այս պահին բաց են, և հնարավորություն կա մասնակցելու դրանց:
Հասմիկ Հովհաննիսյանն առանձնահատուկ շեշտեց, որ այս տարի հիմնական շեշտը դրվելու է նաև կրթական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես՝ փառատոնի շրջանակում իրականացվելու է դեբյուտային նախագծերի զարգացման դասընթաց, դասավանդողներ կլինեն մասնագետներ նաև այլ երկրներից:

«Ոսկե ծիրան»-ի տնօրենը լրատվամիջոցներին ներկայացրեց փառատոնի նոր լոգոն՝ տարբերանշանը, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: