Գլխավոր Լուրեր Ոստիկանները սոցապ տեսուչին բռնեցին կաշառք ստանալուց անմիջապես հետո

Ոստիկանները սոցապ տեսուչին բռնեցին կաշառք ստանալուց անմիջապես հետո

7
0

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Արթիկի բաժինների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկությունների՝ Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկը մի կնոջ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, իսկ հետագայում նպաստից չզրկելու համար 2017-2018 թվականների ընթացքում պահանջել ու ստացել է ընդհանուր 63.000 դրամ։ Նույն կնոջը 2019 թվականի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար էլ տեսուչը պահանջել է երկու ամսվա նպաստի գումարը’ ընդհանուր 56.000 դրամ։ Հուլիսի 22-ին ոստիկանության ծառայողներն իրականացրին օպերատիվ-հետախուզական հատուկ միջոցառում ու պահանջած փողը վերցնելու պահին բռնեցին 61-ամյա աշխատակցուհուն։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կաշառք գրառմամբ թղթադրամները, որոնք առգրավվել ու փաթեթավորվել են հետագա գործողությունների համար։ Աշխատակցուհին բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին։ Նա ձերբակալվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։