Շաբաթ , 21 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Showers
    Home » editorial » Ովքե՞ր կլինեն նոր թղթադրամների վրա. ԿԲ

    Ովքե՞ր կլինեն նոր թղթադրամների վրա. ԿԲ

    Հուլիս 11, 2017 21:00 editorial, Լուրեր, Տնտեսական A+ / A-

    2017AM-AMD_6_Armenian_Dram_816350511

    ՀՀ ԿԲ կողմից ձեւավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Խորհուրդը հաշվի է առել նաեւ ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները:

    ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաեւ հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաեւ դրանց թեմաները եւ գեղարվեստական լուծումները:

    Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 27-ին ԿԲ խորհրդի նիստում որոշվել էր հաստատել ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված դրամահատարանների մասնակցությամբ:Կոմպոզիտային թղթադրամները մշակվելու են հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան, հաշվի առնելով երկու կարեւորագույն հանգամանք. 1) նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ, եւ 2) լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում:

    Հիշեցնենք, որ ՀՀ գալիք տարի նշելու է դրամաշրջանառության՝ ՀՀ ԴՐԱՄԻ ներդրման 25-ամյակը, որի ընթացքում ձեւավորվել են ավանդույթներ, որոնք օրինակելի եւ ուսուցանելի են դարձել նաեւ միջազգային մակարդակում: ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին: Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:

    Հատուկ նշում սպառողների համար: Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որեւէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել եւ մնում է ՀՀ դրամը: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները եւ երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:

    Նշենք նաեւ, որ ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների եւ գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաեւ դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ:

    Հարյուր հազար (100000) դրամ անվանական արժեքով նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամներ  չեն թողարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը, ինչպես նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, որոնք վկայում են մեծ անվանական արժեքով թղթադրամների դուրս մղման մասին: Շրջանառվող հարյուր հազար (100000) դրամանոց թղթադրամները կշրջանառվեն՝ մինչեւ դրամաշրջանառությունից ֆիզիկական մաշվածության պատճառով դրանց դուրս բերվելը:

    Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդհոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները՝ համաձայն ստորեւ ներկայացված աղյուսակի.

    Անվանական արժեք
    Թեմա
    1 000 դրամ
    Պարույր Սևակ
    2 000 դրամ
    Տիգրան Պետրոսյան
    5 000 դրամ
    Վիլյամ Սարոյան
    10 000 դրամ
    Կոմիտաս
    20 000 դրամ
    Հովհաննես Այվազովսկի
    50 000 դրամ
    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

    Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

    ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների էսքիզների որոշման նպատակով կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ: Գեղարվեստական մրցույթի պահանջները եւ վերջինիս անցկացման կարգը հասանելի կլինի ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

    Նման թեմաներ

    scroll to top