Գլխավոր editorial Խայտառակ հայտարարություն՝ Եվրոպայից

Խայտառակ հայտարարություն՝ Եվրոպայից

1
0

Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախորդ ռեժիմը գործի է դրել իր ազդեցության բոլոր լծակները և, առանց դրանց հետևանքները հասկանալու, աշխարհին Հայաստանը ներկայացնում է  բռնապետական երկիր: Մինչ այս ընտրությունները ՀՀԿ-ն նախ օգնություն էր աղերսում ՌԴ-ից՝ Հայաստանի նոր իշխանություններին համարելով հակառուսական: Ամիսներ անց Հայաստանը կարողացավ ոչ միայն պահպանել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, այլև հակառակը՝ այն ավելի ամրապնդել:

ՀՀԿ-ն, որ տարիներ շարունակ եղել է իշխանության ղեկին, Հայաստանը կեղեքելուն զուգահեռ լավ հարաբերություններ է հաստատել եվրոպական մի շարք կառույցների, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ: Սա ինչ-որ առումով բնական է, որովհետև ուզենք թե ոչ, նախորդ ռեժիմում եղել են բանիմաց դիվանագետներ, որոնք կարողացել են եվրոպացի գործընկերներին համոզել, որ Հայաստանի նախկին իշխանությունները ամենալավն են ու պահպանում են օրենքի գերակայությունը: Իհարկե, չունենալով փաստեր, չենք կարող մեղադրել նրանց կաշառելու և կաշառվելու մեջ, սա խոսակցության այլ նյութ է:

Օրերս Եվրոպայից հնչեց խայտառակ, Եվրոպական միությանն ու արժեքներին անհարիր հայտարարություն:

«Մենք խորապես մտահոգված ենք անհանդուրժողականության ու ատելության հռետորաբանությունից, ինչպես նաև նախընտրական փուլում ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների առթիվ։ Սա չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակությունում»՝ Հայաստանում արտահերթ ընտրության գործընթացի վերաբերյալ հայտարարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը՝ հաջողություն մաղթելով եվրոպական այդ կուսակցությանն անդամակցող ՀՀԿ-ին:

Այս հայտարարությունն իր մեջ պարունակում է հեռու գնացող վտանգներ: Բանն այն է, որ սա Եվրոպայից հնչող հայտարարություններից առաջինն է, և չի բացառվում, որ երբ ՀՀԿ-ն խայտառակ ֆիասկոյի ենթարկվի ընտրություններում, ԵԺԿ-ից և ԵԺԿ-ի նման կառույցներից Հայաստանի մասին դատապարտող հայտարարություններ հնչեն:  Իհարկե, երբ եվրոպական հեղինակավոր կառույցը Հայաստանի նոր իշխանությունների մասին նման միտք է հայտնում, դա հարված է Հայաստանի հեղինակությանը Եվրամիությունում: Այս հարվածը Հայաստանին հասցնում է ՀՀԿ-ն՝ այս անգամ անցնելով բոլոր թույլատրելի չափերն ու սահմանները:

Նման հայտարարություններից հետո հայ հասարակությունը, որ գրեթե միահամուռ սատարում է նոր իշխանություններին, այլ կերպ է վերաբերվելու եվրոպական, այսպես կոչված, արժեքներին: Չէ՞ որ նույն եվրոպական արժեքներով, նման անհեթեթ հայտարարություններ անելուց առաջ նախ պետք էր գալ Հայաստան, լսել ՀՀԿ-ին, ապա լսել իշխանություններին, մի հարցում անցկացնել, նոր գալ եզրահանգման:

Եվրոպացի մեր գործընկերները հավանաբար չեն տիրապետում Հայաստանում տիրող իրավիճակին և նաև չեն հասկանում, որ Հայաստանում հիմա լրիվ այլ սերունդ է, սերունդ, որն իրականացրեց հեղափոխություն, սերունդ, որի համար ճշմարտությունից և արդարությունից թանկ ոչինչ չկա, իսկ ՀՀԿ-ն տեղով մեկ կեղծիք է, տեղով մեկ՝ հանցավոր:

ԵԺԿ նախագահ Դոլի հայտարարությունը վտանգավոր է հայ-եվրոպական հարաբերությունների համար և շատ արագ հայ հասարակության ընկալումը կարող է փոխվել եվրոպայի նկատմամբ: Ի վերջո, նման խայտառակ վերաբերմունք Եվրոպայից մեկ անգամ չէ, որ մենք ստացել ենք: Տասը տարի առաջ հայ հասարակությունը եվրոպական գնահատականի պատճառով մեկ անգամ արդեն հիասթափվել էր Եվրոպայից, երբ Մարտի մեկի հարցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը հանդես էին եկել զեկույցներով:

Եվրոպական կառույցները պետք է շատ արագ հասկանան, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ոչ միայն անձերի փոփոխություն էր կառավարման համակարգում, այլ նաև արժեքների հեղափոխություն էր, և Հայաստանում արդեն վաղուց մերժվել են ՀՀԿ-ի խավիարային և փողային արժեքները: Հեղափոխություն իրականացնելիս հայ հասարակությունը մերժում էր ՀՀԿ-ի հանցավոր ռեժիմը  և այստեղ է, որ ԵԺԿ-ն պետք գիտակցի, որ իր խեղաթյուրած հայտարարությամբ արժանանալու է հայ ժողովրդի մերժմանը:

Հարություն Մկրչյան