Գլխավոր Լուրեր Խի պտի չծխեմ. թանկաբազար «Յանդեքսն» ու վարորդների լկտի պահվածքը

Խի պտի չծխեմ. թանկաբազար «Յանդեքսն» ու վարորդների լկտի պահվածքը

3
0

Araratnews.am-ն օրեր առաջ գրել էր, որ «Յանդեքս» տաքսին առաջիկայում կթանկանա, թեեւ տաքսի ծառայությունից հերքել էին այդ տեղեկությունը:

Մեր հրապարակումից մի քանի օր հետո «Ֆեյսբուքի» օգտատերերը եւս դժգոհել էին «Յանդեքսի» մինիմալ արժեքի բարձրացումից:

Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ  գների բարձրացումը պայմանավորված է զբոսաշրջային սեզոնով:

«Յանդեքս» տաքսի ծառայությունից բողոքներն այսքանով չեն ավարտվում: Ուղեւորներից մեկը վրդովված զանգահարել էր մեր խմբագրություն եւ դժգոհել «Յանդեքսի» սպասարկումից եւ վարորդի  պահվածքից:

Ներկայացնում ենք  ուղեւորի բողոքն առանց խմբագրելու։

«Ես մշտական օգտվում էի «Յանդեքս» տաքսիի ծառայություններից՝ օր օրի հիասթափվելով, մինչեւ երեկ արդեն վերջնականապես հեռախոսիս միջից հեռացրեցի հավելվածը։ Նախ՝ վարորդները հիմնականում «նավիգատորով» են  շարժվում: Տպավորություն է, թե  նրանք արտերկրից են եկել, մայրաքաղաքի փողոցներն էլ չգիտեն: Անգամ «նավիգատորով» շարժվելիս էլ՝ երկար ճանապարհով են տանում, պատճառաբանելով, թե «նավիգատորն ամենակարճն ա ցույց տալիս»: Համբերությանս բաժակը լցվեց, երբ  վարորդը սպասելավարձ պահանջեց՝ սխալ տեղում սպասելու, ապա մոտենալու համար։ Հարցիս՝ ինչու պետք է ձեր սխալի համար ես վճարեմ, վերջինս պատասխանեց.

— Բա կարո՞ղ ա ես եմ տալու։ Նավիգատորը որտեղ ցույց ա տվել՝ ընդեղ կայնել եմ։

— Բայց չէ որ դա շենքի հետեւի մասն էր, հո պարաշյուտով չէի՞ իջնելու։

— Իմ գործը չի։  Զանգի ղեկավարությանը, ում ուզում ես բողոքի,- սիգարետի մի մեծ քուլա բաց  թողնելով ասաց վարորդը։

— Իսկ կարելի՞ է ծխել մեքենայի մեջ։

— Հա,  ի՛նչ ա էղել որ։

— Չէ որ չի կարելի։

— Ո՛վ ա ասում։

— Օրենք կա։

— Չկա տենց բան,- լկտիաբար շարունակեց վարորդը՝ շարունակելով ծխել,- էդ պասաժիրները ո՞նց են նստում ու ծխում։

— Դա արդեն ձեր խնդիրն է, մի՛ թողեք։

— Ասա՝ պապիրոսդ հանգցրու՝ հանգցնեմ։ Այ քեզ բան, էս ով էր, արա…

Հասցես երեք անգամ կրկնելուց հետո վերջում էլի սխալ տեղում կանգնեց, ինչի համար էլ չխոսեցի, որ շուտ պրծնեմ էդ թյուրիմացությունից՝ վճարելով նաեւ սպասելավարձը։ Փորձեցի բողոքս հայտնել, բայց դրա հնարավորությունը չտրվեց, միանգամից գրվեց готово հաղորդագրությունը։

Ի դեպ, վերջերս էլ մեկ այլ ուղեւոր տեղեկացրել էր, որ «Յանդեքսի» երկու վարորդ հրաժարվել էր ուղեւորին սպասարկել՝ մեկը պատճառաբանելով, թե գազ չունի, մյուսն էլ՝ թե հեռու է: