Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը

    Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը

    Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը
    Մայիս 6, 2019 22:39 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է  ԱՄՆ ՄԶԳ
    Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու
    գլխավորած պատվիրակությանը:

    Հյուրերին ներկայացնելով  Հայաստանում արձանագրված հեղափոխական փոփոխությունները` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացները համագործակցության նոր հեռանկարներ են բացում ինչպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, այնպես էլ գործընկեր մյուս կառույցների հետ: Նա անդրադարձել է այն քայլերին, որոնք մեր երկրում իրականացվում են ժողովրդավարության հետագա ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության եւ մրցակցային  տնտեսական համակարգի  կայացման ուղղությամբ:

    Արարատ Միրզոյանը հույս է հատնել, որ այս բոլոր դրական փոփոխություններն իրենց արձագանքը կգտնեն Մարդու իրավունքների տարեկան զեկույցում, ինչն իր հերթին համագործակցությունն ընդլայնելու նոր հնարավորություններ կստեղծի:

    Կողմերը քննարկել են խորհրդարանական կառավարման համակարգի անցած Հայաստանի
    օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթների գործիքակազմը, դրանց
    արդյունավետության բարձրացման ուղիները: Այս համատեքստում ընդգծվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության դերակատարությունը:

    Արարատ Միրզոյանը նեկայացրել է այն նախաձեռնությունները, որոնք միտված են
    կառավարման եւ օրինաստեղծ գործունեությանը վերջիններիս ներառականության հնարավորինս ապահովմանը: «Կարծում եմ, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացները շատ ավելի խորքային ու արագ զարգացում կունենան, եթե ստանան գործընկեր երկրների ու կառույցների աջակցությունը»,-ասել է խորհրդարանի ղեկավարը` նշելով որ ակնկալվում է օժանդակության շեշտակի աճ:

    Բարձր գնահատելով Հայաստանում իրականացվող բարեփոխումները` Ալեքսանդր Սոկոլովսկին վստահեցրել է, որ իրենք եւ ամերիկյան կառույցները պատրաստակամ են աջակցելու մեր երկրին` զարգացման տարբեր ոլորտներում: Նա կարեւորել է խորհրդարանի դերը` որպես ժողովրդավարության  ու բազմակարծության հարթակի:

    «ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի իր համագործակցությունը Ազգային Ժողովի հետ՝ ամրապնդելու
    այն որպես ժողովրդավարական բարեփոխումների շարժիչ ուժ եւ իր քաղաքացիների
    կարիքներին արձագանքող կառույց: Միացյալ Նահանգները կամրագրի իր աջակցությունը`
    մայիսի 7-ին կայանալիք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ավարտին մեր
    երկրների միջեւ կնքված երկկողմանի համաձայնագրերում ստորագրելով մի շարք
    փոփոխություններ` Հայաստանին տրամադրվող օժանդակությունը 16 միլիոն ԱՄՆ դոլարով
    ավելացնելու նպատակով»,- նշել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով
    փոխտնօրենը:

    Արարատ Միրզոյանն ընդծել է ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Լեռնային Ղարաբաղում իրականացվող
    ծրագրերի կարեւորությունը` նշելով, Արցախի բնակչությունը եւս իրավունք ունի լիարժեք
    կյանքի:

    Խորհրդարանի ղեկավարը հյուրերին ներկայացրել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունները:

     


    Նման թեմաներ

    scroll to top