Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 571.80   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 490.22   
  •  GBP   Առք` 629.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 643.45   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 180.72   
outputra5huxgif
Rain
Home » Լուրեր » Եկեղեցին այսօր նշում է Աստվածածնի վերափոխման տոնը

Եկեղեցին այսօր նշում է Աստվածածնի վերափոխման տոնը

Օգոստոս 13, 2017 11:33 Լուրեր A+ / A-

xaxox-472x265

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

 

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա, Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:
Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:
Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:
Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:
Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:
Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:
Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:
Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

 

 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներում այսօր կմատուցվի պատարագ։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top