Վարչապետի հանդիպումը այս կամ այն երկրի դեսպանի հետ բացառիկ եւ մեծ հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունների շարքին չես դասի:
Սակայն Կարեն Կարապետյանի հանդիպումը միանգամից երկու երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի ու Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովի հետ որոշակի ենթադրությունների հիմք է ստեղծում:
Ամենայն հավանականությամբ, այս երկրների դեսպանների հետ համատեղ հանդիպումը համագործակցության նոր նախագծերի մասին է վկայում:
Մասնավորապես, Հայաստանի վարչապետը խոսել է Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու շահագրգռության եւ կարեւորության մասին, նշելով այդ երկրների միջեւ միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու հնարավորությունները:
Ի պատասխան` դեսպաններն իրենց երկրների կառավարությունների անունից կարեւորել են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը եւ պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղությամբ քայլերը: Առաջին հերթին քննարկվել են էներգետիկ ոլորտում եռակողմ գործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու հեռանկարները:
Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը եւ համատեղ նախագծերին վերաբերող հարցեր, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու մասին:
Արժի հիշեցնել, որ 90-ականներին Հայաստանը գազ էր ստանում Թուրքմենստանից, փոխարենը մատակարարում հայկական արտադրության ապրանքներ: Սակայն այս մեխանիզմը սպառեց իրեն՝ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:
Իրանի հետ Հայաստանի էներգետիկ համագործակցության ծրագրերը հայտնի են՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցում եւ էլեկտրաէներգիայի փոխանակում, միասնական էներգետիկ համակարգում Ռուսաստանի եւ Վրաստանի հետ համատեղ համաձայնագիր, գազ` էլեկտրաէներգիայի դիմաց եւ այլն:
Հայաստան-Իրան-Թուրքմենստան էներգետիկ համագործակցությունը կարող է ենթադրել միասնական էներգետիկ համակարգի մեջ նաեւ Թուրքմենստանի ներգրավում, վերջինիս գազի մատակարարման եւ տարանցման տարբեր սխեմաների կիրառում: Ամեն դեպքում, միանգամայն իրատեսական է թվում այս եռակողմ համագործակցության կայացման հնարավորությունը:
Ն. Սարգսյան