Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    22°
    Home » editorial » Երբեք չեմ սողա, կապրեմ թոշակով, բայց երբեք չեմ քծնի, երբեք… Արտավազդ Եղոյան

    Երբեք չեմ սողա, կապրեմ թոշակով, բայց երբեք չեմ քծնի, երբեք… Արտավազդ Եղոյան

    Երբեք չեմ սողա, կապրեմ թոշակով, բայց երբեք չեմ քծնի, երբեք… Արտավազդ Եղոյան
    Հունվար 13, 2018 11:59 editorial, Uncategorized, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ամեն տարի Ամանորին հեռուստաէկրաններին են հայտնվում նոր տոնական ծրագրեր: Հեռուստաընկերությունների ստեղծագործական անձնակազմերը ջանքեր չեն խնայում, որպեսզի իրենց ցուցադրած շոուն լինի ամենաճոխը, գունեղը, սակայն այդ ճոխության մեջ ոչ միշտ է հաջողվում պահել որակը: Ներկայիս և նախկին հեռուստատեսության ծրագրերի և այլ հարցերի մասին Araratnews.am-ը զրուցելէ հեռուստամեկնաբան, դերասան, ռեժիսոր Արտավազդ Եղոյանի հետ:

    - Պարո՛ն Եղոյան, ինչպե՞ս եք գնահատում այսօրվա հեռուստահաղորդումները, ամանորյա ծրագրերը: Եթե համեմատելու լինենք, Ձեզ որ ժամանակաշրջանի հեռուստաարտադրանքն է գոհացնում՝ ներկայումս ունեցա՞ծը, թե՞ այն, ինչ կար, երբ Դուք էիք աշխատում հեռուստատեսությունում:

    - Այն ժամանակ այդքան ծախսատար չէր, բայց շատ հարուստ ու իմաստուն, հիմա աննորմալ թանկարժեք են ծրագրերը ու հիմնականում անիմաստ՝ առանց հումորի, ձանձրալի, տաղտկալի: Իհարկե, կան նաև մակարդակով հաղորդումներ, որոնցում հանդես են գալիս տաղանդավոր երիտասարդներ։ Չի կարելի նույն բանը ծամել անընդհատ տարբեր ալիքներով, նույն դեմքերին եթեր տալ, որքա՞ն կարելի է, հոգնում ես… Ես եթեր դուրս չեմ գալիս, որ իմ արդեն տարեցի տեսքով չձանձրացնեմ: Նոր դեմքեր են պետք։

    - Հումորի առումով ինչպե՞ս եք գնահատում այսօրվա հումորային ծրագրերը:

    - Ոչ լավ, շատ ցածր մակարդակի: Իհարկե, տաղանդավոր հումորիստներ էլ կան, բայց ցավալին այն է, որ մենք հումորիստ սցենարիստներ համարյա չունենք։  Ում խելքին ինչ գալիս է` այն էլ դուրս է տալիս: Հիմա կասեք, թե պահանջարկ կա, ո՛չ։ Մեր խնդիրը հեռուստադիտողին զվարճացնելով զարգացնելն է։ Իհարկե նկատի չունեմ, թե տեսախցիկի սառը ոսպնյակի հետևում մեզանից ավելի խելացիները չեն նստած։ Իհարկե ո՛չ։ Հենց դա է պատճառը, որ միջինից բարձր մակարդակ ունեցող հեռուստադիտողի համար աշխատելով, ցածր մակարդակ ունեցողներին կարծես արժեքավոր ու մակարդակով հաղորդումներ մատուցելով զերծ ենք պահում էժանագին ծրագրերի գերին դառնալուց։  Հատուկ գրողներ են պետք, գրող սցենարիստների կարիքը ունենք:

    - Ասացիք` եթերում չեք, որ Ձեր տեսքով չձանձրացնեք, բայց կան նաև դերեր, որոնք հենց Ձեր տարիքի արվեստագետ են պահանջում: Այսօր Ձեր սրտով հրավեր չկա՞, թե՞ուղղակի Դուք չեք ցանկանում:

    - Խոսքս հեռուստաեթերի մասին էր։ Իսկ դերերի առաջարկներ սկզբում չեն եղել, հետո եղան, բայց տեսնում էի` սցենարը տաղտկալի, անորակ է: Իսկ էս վերջերս բացարձակ չեն էլ հիշում: Գուցե հենց դա՞ է լավը։ Միայն լրագրողներն են այս կամ այն բանը քննադատելու, քննարկելու համար հիշում: Այն էլ՝ երևի ալարում են այցելել կամ հրավիրել հյուրին՝ հեռախոսով են հարցերն ուղղում։ Շատ դեպքերում էլ այնպես է ստացվում, որ քո հարցազրույցը, հարցերին պատասխանելով, ինքդ ես պատրաստում։

    14641913_1257994120909469_8797510383403815682_n

    - Պարո՛ն Եղոյան, իսկ ժամանակին Ձեզ օգնե՞լ են իրականացնել այդ հումորային ծրագրերը, թե՞ ինքնուրույն եք արել:

    - Ցավալին այն է, որ այն ժամանակ հումորը գրում էինք մենք, որովհետև այն ժամանակ էլ գրող չկար: Եթե գրող էլ կար, մի տեսակ էն չէր, էլի, ոնց որ քո վրայով չէր: Բայց մեր բախտը բերել էր, Աստված մեզ տվել էր այդ հնարավորությունը, շատ անգամ հենց ուղիղ եթերում էին ծնվում հումորային սցենարները: Օրինակ՝ մի ֆիլմում նկարահանվելիս մի սցենարիստ երիտասարդ տղա ինձ ասաց՝ էսպես ասեք, ասում եմ՝ տղա՛ջան, էսպես որ ասում եմ, հումոր չկա, դրա համար ես ի՛մ խոսքն եմ ասում, մի՞թե իրավունք չունեմ ես իմը դնելու: Ինձ ասում է՝ չէ՛, պարո՛ն Եղոյան, որ Դուք Ձեր խոսքը դնում եք, հումորը կորչում է… Բա որ Ձեր գրածը հումորով է, ես ինչո՞ւ չեմ ծիծաղում:

    - Գուցե հիմա էլ չկան սցենարիստներ, ում կարող են դիմել, դրա համար են իրենք փորձում իրենց  ուժերով մի բան անել:

    - Ո՛չ, ընդհակառակը, հիմա կան: Հեռուստաեթերի ղեկավարությունը չի ցանկանում ավելորդ ծախսեր անել` սցենարիստ վարձելով։ Բռնում է մեկի պոչից ու տարբեր ժանրերի գործերը մեկին է վստահում։  Այն ժամանակ գրաքննություն կար, չնայած ասեմ՝ «3-րդ ալիքը» որ մտավ եթեր, կոմունիստների ժամանակ էր, սակայն ոչ ոք մեզ չէր ասում՝ այս ասա, այն ասա, որովհետև մենք ներքին ցենզուրա ունեինք, մենք մեզ թույլ չէինք տալիս ավելորդ բաներ ասելու: Իսկ հիմա հենց սանձերը բաց թողնես` ինչ ասես դուրս կտան: Հետո` հիմա ամեն մի ալիք մի կուսակցության կամ կուսակցապետի է պատկանում, և հեռուստաեթերը պետք է այնպիսին լինի, որ ականջ շոյող լինի, և այդ դեպքում էլ ազատ սատիրա չի կարող լինել, պետը թույլ չի տա։  Ա՛յ դրա համար ես եթեր դուրս չեմ գալիս, որովհետև թույլ չեմ տա, որ ինձ թույլ չտան, ինքս պետք է ասեմ այն, ինչ մտածում եմ, իհարկե, խելամիտի սահմաններում, երբեք չեմ սողա, կապրեմ թոշակով, բայց երբեք չեմ քծնի, երբե՛ք … Ակամա հիշեցի Սիրանո դը Բերժըրակի խոսքը. «Երգել աներկյուղ, ինչ դու ես բաղձում։ Ժպտալ, երազել անվախ։ Ինչո՞ւ չլինել ազատ ու անկախ։ Ունենալ մի աչք, որ կարողանա շիփ-շիտակ տեսնել։ Մի ձայն, որ խոսքդ հնչի անարգել։ Մի հատ «այո»-ի կամ «ոչ»-ի համար պայքարի դուրս գալ։ Կռվել, մարտնչել կամ պայքար երգող տողեր ստեղծել։ Գործել ու չմտածել ապահովության կամ փառքի մասին, որին ձգտում են լոկ տկարները` որպես հեշտ ուղի տանող դեպ լուսին։ Մի՞թե ազնիվ չէ չգրել ոչինչ, որ սեփականից չլինի բխած։ Եվ պարկեշտորեն ինքդ քեզ ասել.- Գո՛հ եղիր, տղա՛ս, այն պտուղներով, որ քո պարտեզի բերքից են քաղել։ Մի խոսքով, չլինել մակաբույծ, մի չնչին բաղեղ։ Եվ եթե դժվար է դառնալ թումբ կամ կաղին զորեղ, գեթ քո ուժերով բարձրանալ այնքան, որ հնարավոր է առանց սողալու։ Մեն-մենակ մնալ…»

    - Եթե այսօր առաջարկ լինի, ինչպես Դուք եք ասում՝ Ձեր հագով, ո՞րը կլինի այն աշխատանքը, որը կհամաձայնեք անել հեռուստատեսությունում, կամ կա՞ մի հեռուստաընկերություն, որտեղ կուզեք աշխատել:

    - Ասեմ, թե ինչո՛ւ չեմ համաձայնում… մի հեռուստատեսություն եղավ, գնացի, զգացի, որ կուսակցական թաթը վրան էր: Մի տեղ մի բան ասացի, եթերից հետո զանգեցի, թե՝ խոսքերս ո՞ւր են: Ով հետս հարցազրույց էր վարել, ասեց՝ այստեղ մինչև չեն ստուգում` եթեր չեն տալիս: Այդ օրվանից սկսեցի ուշադիր լինել, ու արդեն քանի տարի է` որ ալիքը մտնում եմ, ասում եմ` եթե պետք է ձեր կուսակցապետին հաճոյանամ, չեմ գալու: Իհարկե ասում են՝ չէ՛, կարող եք ասել այն, ինչ ուզում եք, բայց, դե, ինքս էլ գիտեմ, որ ինչ ուզեմ` չեմ կարող լիարժեք ասել, որովհետև մեկ է` կտրելու են, իսկ որ կտրեն, միտքս կկորի, իսկ որ միտքս կորի, հիմար տեսք կունենամ եթերում, իսկ ես չեմ ուզում այդպիսին երևալ:

    - Եթե հնարավորություն լիներ փոխելու, այսօրվա հեռուստաեթերում ի՞նչը կփոխեիք:

    - Ինքը` հումորը ամենալուրջ բանն է, ամենադժվարը: Հումոր ներկայացնելն ամենածանր գործն է: Մյունհաուզենը ճիշտ էր ասում՝ Улыбайтесь, господа! Улыбайтесь!  Серьезное лицо— еще не признак ума, господа!  Все глупости на земле делаются именно с этим выражением лица… Улыбайтесь, господа! Улыбайтесь!… Իսկ էժան ժպիտ կորզել չեմ ուզում, դրա համար էլ շատ անգամներ չեմ էլ նայում: Ցավում եմ, որ շատ ժամանակ «նստած» էի ռուսական ալիքների վրա, էս վերջերս նրանցից էլ ձանձրացա, որովհետև իրենք էլ նույն քաղաքականությունն են վարում: Արտասահմանյան ալիքներ եմ նայում, լուրեր, ֆիլմեր:

    - Իսկ հայ հումորիստների մեջ կա՞ն մարդիկ, որոնց նախապատվություն եք տալիս: 

    - Իհարկե կան՝ Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, Վարդան Պետրոսյան… Նրանք բարձր նշաձող ունեն, իսկ այսօրվա հումորը «պլինդուսից»  ներքև է, շատ ցածր է, էժան ծիծաղ են կորզում:

    hqdefault

    - Իսկ ավագ սերունդը մեղքի իր բաժինն ունի՞ այսօրվա հեռուստաարտադրանքի վատ որակի համար:

    - Իհարկե ունենք, մենք մեղավոր ենք, որովհետև շուտ հանձնվեցինք: Այնպես, ինչպես կոմունիստները հանձնեցին Սովետական Միությունը, ա՛յ էդպես մենք մեր դիրքերը հանձնեցինք: Իհարկե ճիշտ է, մենք պետք է ուղղորդեինք, որովհետև արդեն ազատություն էինք ստացել: Եթե ես ու Կարեն Քոչարյանը կոմունիստների ժամանակ Սովետական Միությունում «Պրավդա» թերթը թաղեցինք դագաղով` ուղիղ եթերում, ուրեմն ունեինք այդ ռիսկը ազատ խոսելու: Չեք պատկերացնի` ի՜նչ թնդյուն էր, փողոցում ժողովուրդն ի՜նչ էր անում:

    - Այսպիսի պատճառաբանություն կա, որ կոմերցիոն բաներ ցույց տալով` սոցիալական խնդիր են լուծում և փորձում են գումար վաստակել: Բայց  կարելի՞ է արվեստն աղավաղելով հացի խնդիր լուծել:

    - Իհարկե չի կարելի: Ժամանակին, երբ «3-րդ ալիքը» Թաթա Սիմոնյանի «Տոնածառ» երգը եթեր տվեց նոր տարուն, երկրորդ օրը նա դարձավ աստղ: Հա՛, ռաբիսանման էր, բայց նոր տարվան հարիր, դա ուրիշ բան է: Մի երկու տարի հետո Արման Հովհաննիսյանին եթեր տվեցինք` Ռուբեն Մաթևոսյանի  աշակերտն էր, տվեցինք էլի նոր տարվան: Այդ պարոն նախագահը մեր եթերաժամանակը 1,5 ժամով կրճատեց, ասաց՝ ռաբիս եք տվել եթեր, իսկ հիմա 7-8 ժամ միայն ռաբիսն է եթերում: Ռազմիկ Ամյանին էլ, որ մակարդակով երգիչ է, Արամեին: Բոլորը դարձել են ռաբիս, որովհետև դա է պահանջում մեր քեֆչի ազգը:

    14470645_1241002115942003_7762258115893372605_n

    - Պարո՛ն Եղոյան, այսօր ինչո՞վ եք զբաղվում:

    - Հիմա աշխատում եմ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում, ներկայացումների երաժշտական ձևավորումներն եմ անում։ Տանն եմ աշխատանքներ անում: Օրինակ՝ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի, «Իմ Հայաստան»  փառատոնի, Սասուն Պասկևիչյանի, Արա Գևորգյանի, Ձախ Հարութի համերգների էկրանների տեսանյութերն եմ մոնտաժում, որ DVD դառնա, Վանուշ Խանամիրյանի հոբելյաններին նվիրված էկրանավորումները… Մի խոսքով, անգործ չեմ դեռ, թոշակ եմ ստանում:

    Ի՞նչ խորհուրդ կտաք ոլորտի երիտասարդ սերնդին:

    Կցանկանայի, որ չհաճոյանան, այլ ասեն այն, ինչ մտքներին գալիս է: Իրականը, առանց կեղծիքի։

    Ես  երիտասարդությանը մի խորհուրդ ունեմ տալու՝ թող անհրաժեշտի պակաս չունենան, ավելորդի ձգտում չունենան:

    Զրույցը` Էմմա Հովսեփյանի

    Նման թեմաներ

    scroll to top