Գլխավոր Լուրեր Երեւանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանապահ զորամասեր

Երեւանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանապահ զորամասեր

5
0

Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երեւանաբնակ զինծառայողների ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ծնողների հետ զրուցել ու բարի ճանապարհ են մաղթել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ ավանդական դարձած, կարեւոր ու հաջողված այս նախաձեռնությունը լինելու է շարունակական:

«Շատ լավ ավանդույթ է, որը դրվել է տարիներ առաջ ու այն պետք է շարունակվի եւ՛ հիմա, եւ՛ ապագայում, անկախ նրանից` ով է լինելու քաղաքապետը: Սա այն ծրագիրն է, որը չի կարող կանգ առնել: Սա ամենափոքրն է, ինչ կարող է համայնքն անել իր զինվորների ու նրանց ծնողների համար»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին կարեւորելով ծրագիրը՝ ընդգծել է, որ այն յուրօրինակ ուժ ու վստահություն է տալիս հայրենիքի պաշտպաններին:

«Այս ծրագիրն ամրապնդում է ծնողի եւ զինծառայողի կապը: Զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձրանում է, տրամադրությունը բարձրանում է, իրենք հասկանում են, որ ուշադրության կենտրոնում են, կարոտը մի քիչ ավելի է պակասում»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Ուղեւորության ընթացքում ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված բարձրակարգ ավտոբուսներին ուղեկցում են ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում կան նաեւ բուժաշխատողներ: