Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երեքամյա երեխայի մահվան հանգամանքները պարզվում են

    Երեքամյա երեխայի մահվան հանգամանքները պարզվում են

    Երեքամյա երեխայի մահվան հանգամանքները պարզվում են
    Մարտ 16, 2019 17:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ մանկապարտեզի երեքամյա սանի մահվան պատճառները պարզելու համար։ Ստացվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) լաբորատոր փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ խախտումներ չեն հայտնաբերվել:

    Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեխայի մահվան վերաբերյալ ահազանգն ստացվել էր 2019թ. մարտի 4-ին: «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք սրտի կանգով տեղափոխվել էր Երևան քաղաքի՝ 2015 թվականին ծնված աղջիկ երեխա:

    Նախնական տվյալներով՝ 3-ամյա երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, րոպեներ անց սկսել է խռխռալ, և երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել:

    Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը նույն օրն ընդունվել ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ: Երեքամյա երեխան ճանաչվել է տուժող, իսկ նրա հայրը՝ տուժողի իրավահաջորդ:

    Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են  մանկապարտեզի մի խումբ աշխատակիցներ, տուժողի իրավահաջորդը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում մանկապարտեզի ննջասենյակից՝ մահճակալի վրայից, հայտնաբերվել և վերցվել է երեխայի անկողնու սավանը, որի վրա առկա է եղել փսխման զանգվածը:

    Փորձաքննություն կատարելու նպատակով ԱՑԽՄ-ի (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) վերաբերյալ լվացուկներ են վերցվել դաստիրակի, դաստիրակի օգնականի, խոհարարի հագուստներից և ձեռքերից: Վարույթն իրականացնող մարմինն ստացել է ԱՑԽՄ-ի հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց՝ խախտումներ չեն հայտնաբերվել:

    Բացի այդ, փորձանմուշներ են վերցվել նաև խմելու ջրից, երեխայի մահճակալից ու ճաշասենյակից, խոհանոցից փորձանմուշներ են վերցվել դեպքի օրը՝ 2019թ. մարտի 4-ին, մանկապարտեզի երեխաներին մատուցած ճաշացանկից, որը նույն օրը հանձնվել է ՀՀ ԿԵ ՍԱՏՄ Երևանի կենտրոնին: Առգրավվել են նաև երեխայի զգեստապահարանում առկա, վերջինիս պատկանող հագուստները:

    Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատատոքսիկաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:

    Նախաքննությունը շարունակվում է:  Միջոցներ են ձեռնարկվում՝ երեխայի մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Փորձաքննությունների եզրակացություններն ստանալուց հետո, ապացույցների համակցությամբ, կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

     

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
    տեղեկատվության և հասարակայնության
    հետ կապերի բաժին


    Նման թեմաներ

    scroll to top