Գլխավոր Լուրեր Երևանի քաղաքապետարանն ընդունել է հաստիքացուցակը 25-ով ավելացնելու որոշում

Երևանի քաղաքապետարանն ընդունել է հաստիքացուցակը 25-ով ավելացնելու որոշում

4
0

Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում կայացվեց ավելացնել Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը՝ հասցնելով այն 2030–ի: Այս մասին նիստի ժամանակ զեկույցը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Արտահերթ նիստին ներկա էին ավագանու անդամներից 52-ը, նրանցից 47-ը որոշմանը քվեարկեց կողմ, 3-ը՝ դեմ, 5-ը՝ ձեռնպահ:

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն իր զեկույցում նշեց, որ Կառուցվածքային ստորաբաժանումներ բաժնի Անշարժ գույքի կառավարման վարչությունում ավելացել է 10 նոր հաստիք:

«Կառուցվածքային ստորաբաժանումներ բաժնի Վերահսկողության վարչությունում ավելացել է 15 նոր հաստիք»,- ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ հաստիքացուցակներ ավելացնելու որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության աշխատանքների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքով:

«Վերահսկողությունն իրականացվելու է հանրակրթության, մշակույթի, սպորտի, սոցիալական ապահովման, առողջապահության և այլ ոլորտներում: Վարչությունն իրականացնում է Երևան համայնքի բյուջեով նախատեսված ծախսերի կատարման, ինչպես նաև հատուկ և նպատակային հիմնադրամներից տրամադրվող միջոցների իսկության, նպատակահարմարության և արդյունավետության Երևանի բյուջեի եկամուտների հավաքագրման նկատմամբ վերահսկողություն»,- ընդգծեց Սարգսյանը:

Նա շեշտեց, որ 2019 թվականի բյուջեում նոր հաստիքների ավելացման արդյունքում էական փոփոխություններ չեն լինի, քանի որ երկու ամսվա ընթացքում կիրականացվի բոլոր պաշտոնների օպտիմալացում: Այս ամենը, փոխքաղաքապետի խոսքով, հնարավորություն կտա խնայել մոտ 90 մլն ՀՀ դրամ:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը՝ նախկինում հայտարարված օպտիմալացման և բյուջեի կրճատումների պարագայում, նոր հաստիքների ավելացումը անհիմն համարեց: